Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ
15:27 - 30 հունիսի, 2020

Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային առաքելության ընթացքում ՀՀ-ում տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում նրա դերակատարության և ԵԽ գրասենյակի ցուցաբերած գործուն աջակցության համար:

Նախարարի խոսքով տեղական ժողովրդավարության զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության և ԵԽ համատեղ օրակարգի կարևոր բաղադրիչը՝ էլ ավելի խորացնելով տարբեր ուղղություններով առկա համագործակցությունը :

Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով ԵԽ հայաստանյան թիմի խորհրդատվական աջակցությունը նախարար Պապիկյանը անդրադարձել է վերջին օրենսդրական փոփոխություններին. «Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխումներով մենք անցում ենք կատարում տեղական ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի: Մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը և ստանձնել պատասխանատվություն տեղերում առողջ մթնոլորտի ձևավորման, համայնքների զարգացման և բալանսավորված տեղական ինքնակառավարում ունենալու համար»:

Իր խոսքում Նատալիա Վուտովան նշել է. «Այս հանդիպումով մենք շեշտում ենք Հայաստանում տեղական ժողովրդավարության կարևորությունը: Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության արմատներում է, և ԵԽ-ը իր ծրագրերով, մասնավորապես «Ժողովրդավաական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» բաղադրիչներով, ՀՀ կառավարության հետ համատեղ էական արդյունքներ է արձանագրել տեղական մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների, կարողությունների զարգացման և հանրության հետ աշխատանքի գործում»:

Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև ԵԽ-ի հետ մոնիտորինգային երկխոսության շարունակականությունը և դրա արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզի կիրարկումը, այդ թվում՝ Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ զարգացման և անկախացմանը ուղղված հետագա քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2021թ. սպասվող ՏԻՄ ընտրությունների, առաջիկա 5 տարիների ընթացքում վարչատարածքային բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին:

Ամփոփելով նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Նատալիա Վուտովային և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել