Հայաստան․ պետություն, որտեղ աշխատողները միայնակ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում
21:30 - 30 հունիսի, 2020

Հայաստան․ պետություն, որտեղ աշխատողները միայնակ են իրենց իրավունքների պաշտպանության հարցում

Լուսանկարը՝ Եվա Մուրադյանի

Աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը մարդու ամենօրյա կյանքի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող հարցերից է։ Չնայած դրան՝ Հայաստանում աշխատողները դժվարությամբ գտած աշխատանքը չկորցնելու համար, որպես կանոն, լռում են իրենց իրավունքների խախտումների մասին, իսկ դրանք բազմաթիվ են՝ անօրինական, չգրանցված աշխատանք, աշխատանքային պայմանագրում աշխատավարձի ոչ իրական չափի նշում,
հաշվարկման ու վճարման՝ օրենքով սահմանված կարգի ու ժամկետների խախտումներ, արտաժամյա աշխատանք ու դրան ոչ համապատասխան վարձատրություն, չվճարվող արձակուրդ, արձակուրդի բացակայություն, սեռային հատկանիշով պայմանավորված կամ այլ հիմքով խտրականություն և այլն։

Աշխարհի զարգացած շատ երկրներում աշխատողի իրավունքների պաշտպանությամբ հիմնականում զբաղվում են արհեստակցական միությունները։ Թեև Հայաստանում մոտ 650 արհմիություն կա, աշխատողները մեծ հաշվով ներգրավված չեն այս կառույցներում կամ տեղեկություն չունեն դրանց իրական դերի, գործառույթների մասին։ Թե՛ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, թե՛ «Արհեստակցական միությունների մասին» օրենքն այս միություններին աշխատողի իրավունքները պաշտպանելու օրենսդրական  բավարար լիազորություններ չեն տալիս, միաժամանակ՝ չկա այս մարմինների գործունեության թափանցիկության օրենսդրական պահաջ։

Արհմիություններից զատ՝  տարբեր երկրներում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ նաև պետական վերահսկողություն է իրականացվում՝ տեսչական մարմինների միջոցով։ Աշխատանքի տեսչության գաղափարն առաջին անգամ ամրագրվել է Մեծ Բրիտանիայում 19-րդ դարի սկզբին, երբ Պառլամենտն ակտ հրապարակեց ֆաբրիկաներում ենթավարպետների վարքականոնի և առողջության պահպանման վերաբերյալ: Սկզբնական շրջանում դրա կատարումը վերահսկում էին կամավորության սկզբունքով ձևավորվող հանձնաժողովները, սակայն վերահսկողության այս ձևն արդյունավետ չէր, և 1833թ. խորհրդարանը սահմանեց վերահսկող անձանց լիազորությունները: Նման լիազորություններով օժտված առաջին 4 անձինք էլ հանդիսացան աշխարհում աշխատանքի առաջին տեսուչները:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 1947 թվականին ընդունեց «Աշխատանքի տեսչության մասին» N 81 Կոնվենցիան, որը մինչ օրս աշխատանքի տեսչության բնագավառի գլխավոր միջազգային իրավական փաստաթուղթն է: ՀՀ-ն այն վավերացրել է 2004 թվականին, Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2005-ի դեկտեմբերից: Չնայած այս և այլ կոնվենցիաներով ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս բավարար չափով չի կատարում իր բնակիչների աշխատանքային իրավունքների պաշտպանության պարտավորությունը։ Այդ մասին կարող եք կարդալ այստեղ և այստեղ։ Արդյունքում, հաշվի առնելով, որ արհմիությունների ինստիտուտը ևս զարգացած չէ, աշխատողը, որի իրավունքը խախտվել է, դա վերականգնելու ճանապարհին մնում է մենակ, միակ ելքն էլ շարունակում է մնալ դատարան դիմելը, ինչը խնդրի լուծման երկարատև, ծախսատար և հաճախ անարդյունավետ ճանապարհ է։ 

Փաստացի, այս պահի դրությամբ ՀՀ-ում պետական որևէ մարմին աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի՝ բացառությամբ մի քանի հարցերի։ Փորձենք հասկանալ, թե ներկայիս իրավիճակն ինչի հետևանք է։

Տեսչական մարմինները՝ նախկինում

Հայաստանը 2003 թվականին անդամակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը։ Մեկ տարի անց՝ 2004թ. հուլիսին, ստեղծվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, իսկ 2005թ. ընդունվել է Աշխատանքի պետական տեսչության մասին ՀՀ օրենքը: Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Տեսչությունը լիազորված մարմնի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում էր։

Այն  պետական հսկողություն և վերահսկողություն էր իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի դրույթների կատարման նկատմամբ: Տեսչության հսկողությունն ու վերահսկողությունը նախատեսվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածով:

ԱՊՏ լիազորությունների շրջանակը բավական լայն էր։ Ի թիվս այլ հարցերի՝ այն լիազորված էր՝ 

- վերլուծելու աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառները և գործատուին առաջարկություններ ներկայացնելու դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ, 
- ուսումնասիրելու սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերը, միջոցներ ձեռնարկելու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, 
- հսկողություն, վերահսկողություն իրականացնելու աշխատանքային պայմանագրերի կնքման ու լուծման կարգի պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ և այլն։

Աշխատանքի պետական տեսչությունը կատարում էր նաեւ քաղաքացիների ընդունելություն, քննարկում քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները։ 

Սակայն ԱՊՏ-ի՝ որպես առանձին տեսչության գործունեությունը դադարեցվեց Կառավարության՝ 2013 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ։ Դրա արդյունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունը և առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվեցին՝ դառնալով ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն։ Սա մեր երկրում պետության կողմից աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում առաջին  հետընթացն էր։

Այս փուլում կրճատվեցին ԱՊՏ որոշ գործառույթներ, նաև ցածրացվեց նոր տեսչության կարգավիճակը․ այն արդեն գործում էր իր կանոնադրության հիման վրա, մինչդեռ ԱՊՏ-ն գործում էր ըստ օրենքի։ Հատկանշական է նաև, որ այսպիսով աշխատանքային խնդիրների բնագավառում պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում էր առողջապահության նախարարությունը, որն այդ բնագավառում մասնագիտացված կառույց չէ։ Տեսչության անվանումից հանվել էր աշխատանք բառը, ինչը հետագայում խնդիրներ առաջացրեց նաև այն առումով, որ աշխատողներն իրենց խնդիրներով հաճախ չէին դիմում այս մարմնին՝ կարծելով, որ այն միայն առողջապահական հարցերով է զբաղվում։

«ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահոսկողության խնդիրները» ծավալուն ուսումնասիրության հեղինակ Ավետիք Մեջլումյանը ընդգծել է, որ երկու տեսչությունների միաձուլման արդյունքում տեղի ունեցավ նաև միջոցների և կադրային ռեսուրսի կրճատում, ինչը ևս, բնականաբար,  բացասաբար ազդեց Տեսչականի գործունեության վրա։ Մասնավորապես, ԱՆ առողջապահական պետական տեսչությունն ուներ աշխատողների 450 հաստիք, որից միայն 62-ն էին Աշխատանքի պետական տեսուչներ։ Իսկ մինչև միավորվելը՝ ԱՊՏ-ն ուներ 149 հաստիք։ Այսինքն՝ միաձուլման հետևանքով աշխատանքի տեսուչների թիվը կրճատվեց շուրջ 2 անգամ: 

Իսկ պետությունն այդպես էլ պատշաճ չհիմնավորեց, թե ինչու է կատարվում այդ միացումը։ Ավետիք Մեջլումյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ  իրար հետ կապ չունեցող այդ տեսչական մարմինների միավորման երկու պատճառ կարող ենք առանձնացնել՝ ֆորմալ ու տեսանելի և ստվերային․ «Տեսանելին կառավարության՝ 2009 թվականին ընդունած հայեցակարգն էր, որտեղ գործադիրը մի շարք խնդիրներ էր նշում՝ չհամակարգված և ոչ տեղին ստուգումներ, տեսուչների կոպիտ և անհարգալից վարքագիծ, ծանրաբեռնող կանոններ, վարչական կոռուպցիա, ոչ թափանցիկ տեսչական գործընթաց և այլն։ Մի խոսքով՝ բոլորիս հայտնի խնդիրներ։ Բայց այս հայեցակարգը չէր վերաբերում միայն Աշխատանքի պետական տեսչությանը, այլ, ընդհանուր առմամբ, անդրադառնում էր բոլոր տեսչություններին, բոլորում էլ այդ խնդիրները կային»,- ասաց նա՝ հավելելով, որ, ըստ ոլորտի փորձագետների, որոնց հետ ինքն աշխատել է, Համաշխարհային բանկը կառավարության առաջ պահանջ է դրել՝ նվազեցնել ԱՊՏ դերը, որպեսզի այն չխանգարի բիզնեսին, ինչից հետո սկսել են աստիճանաբար թուլացնել տեսչությունը։

Այս ոլորտում լրջագույն փոփոխությունը կատարվեց Կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, որից սկսած, կարող ենք ասել, պետությունը հրաժարվեց աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու իր պարտավորությունից։ Որոշումն ուժի մեջ մտավ 2015-ի հունվարից։ Ըստ դրա՝ ուժը կորցված ճանաչվեց աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը, որը սահմանում էր՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնում է ԱՊՏ-ն։ Ուժը կորցված ճանաչվեց նաև «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը։

Արդեն կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 572-Ն որոշման համաձայն՝ կրճատվեցին Տեսչության մի շարք լիազորություններ, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանում, աշխատանքի ընդունման և ազատման մասին իրավական ակտերի ընդունում և պահպանում, անօրինական աշխատանքների հայտնաբերում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողություն, սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերի ուսումնասիրում և այլն։

Հաջորդ փուլում կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ այս մարմինը ևս լուծարվեց, և ստեղծվեց ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը: Սրան ևս իր կանոնադրությամբ վերապահված էր միայն աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողության և մինչեւ 18 տարեկան անձանց, հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց, երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Տեսչական մարմինը՝ այսօր

ԱՆ առողջապահական տեսչական մարմինը գործեց մոտ մեկ տարի, ինչից հետո՝ 2018 թվականի մարտի 23-ին, Ազգային ժողովն ընդունեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, որով կառավարությանը ենթակա մարմինների ցանկում ներառվեց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ)։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ հաստատվեց վերջինիս կանոնադրությունը։ Այն կարգավորվում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով։ Այսպիսով՝ Հայաստանում աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչությունները 2013-2018թթ․ անցան հետևյալ տրանսֆորմացիաներով։



ԱԱՏՄ խնդիրներն են ռիսկերի կառավարումը, իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական սպասարկման, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտներում։

Կանոնադրության մեջ աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքի իրավունքի նորմերը գրեթե չեն հիշատակվում։ Այնտեղ շատ փոքր հատված նվիրված է միայն աշխատողների առողջության և անվտանգության ապահովման հարցերին, որոնց նկատմամբ էլ հենց վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունի ԱԱՏՄ-ն։ Դրանից բացի իրականացնում է մինչև 18 տարեկան անձանց, հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկում։

ԱԱՏՄ լիազորություններն այսքանով սահմանափակվում են, իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը շարունակում է դուրս մնալ տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից:  Մինչդեռ, ՀՀ-ն, վավերացնելով ԱՄԿ կոնվենցիաները, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան, պարտավորվում է ունենալ աշխատանքի տեսչական համակարգ, որի գործառույթներից են ոչ միայն աշխատողների առողջության և անվտանգության հետ կապված իրավական դրույթների կատարման, այլև աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի դրույթների կատարման, բարեկեցության, վճարովի արձակուրդներին վերաբերող կանոնակարգերի և դրույթների կատարման ապահովումը:

Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․8-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու համար, սակայն նշված հոդվածով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը որևէ մարմնի վերապահված չէ։

Առանց աշխատանքային պայմանագրի կնքման աշխատող պահելը, որպես աշխատողի իրավունքի և ԱՕ խախտում, ևս որևէ մարմնի կողմից չի վերահսկվում։ Պետական վերահսկողություն չի իրականացվում նաև կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Պատասխանատվություն սահմանված չէ  աշխատաժամանակի տևողության կամ հանգստի ժամանակի՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու համար և այլն։ Այս շարքը կարող ենք թվել, սակայն փորձենք հասկանալ, թե ունեցած սահմանափակ գործառույթները գործնականում ինչպես են իրականացվում։

ԱԱՏՄ-ի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն ութն են, դրանցից միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունն է զբաղվում աշխատողներին վերաբերող հարցերով։  Էապես կրճատվել է նաև գործող տեսչական մարմնի հաստիքների թիվը։ Եթե ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունում առկա էր 457 հաստիք, ապա ԱԱՏՄ-ում, ըստ այս պահին հասանելի տվյալների, առկա է 280-ը, որից էլ միայն 23 հաստիքը կամ 8%-ն է նախատեսված Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության համար։ Ընդ որում՝ 23-ն ընդհանուր թիվն է՝ համապատասխան վարչության տարածքային բոլոր ստորաբաժանումների հաստիքները միասին վերցրած։ Այստեղ կարող ենք հիշել, որ Աշխատանքի պետական տեսչության 2008 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ նշված էր, որ այն ունի 149 հաստիք։ Այսինքն՝ այդ թիվը տասը տարվա ընթացքում ավելի քան 6 անգամ կրճատվել է։

Փաստացի, տեսչական մարմնի հիմնական խնդիրներից է կադրային հագեցվածության հարցը։ Սա պայմանավորված է նաև շենքային ու գույքային ոչ բավարար հագեցվածությամբ։ Մասնավորապես, ԱԱՏՄ-ի՝ 2020 թվականի տարեկան գործունեության ծրագրում նշված է, որ Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և Երևանի քաղաքի տարածքային կենտրոնի կողմից շահագործվող գրասենյակային տարածքները ամրակցված չեն Տեսչական մարմնին։ Նշյալ գրասենյակային տարածքները բավարար չեն ԱԱՏՄ-ի ամբողջ անձնակազմի համալրման համար։ Եվ շենքային ու սուղ գույքային այդպիսի պայմաններում բարդ է կազմակերպել Տեսչականի՝ ներկայումս համալրված հաստիքների աշխատակիցների աշխատանքի արդյունավետ ապահովումը:

Ամփոփելով 2019-ին կատարված աշխատանքները՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացրել է, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսվարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։

ԱԱՏՄ-ն՝ որպես ստուգում իրականացնելու իրավասություն ունեցող կառույց, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ ստուգումներ կարող է իրականացնել բացառապես ստուգաթերթերի միջոցով։ Սակայն Տեսչական մարմինը 2019 թվականի ողջ ընթացքում չի ունեցել հաստատված ստուգաթերթեր, իսկ ԱԱՏՄ-ի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատվել է միայն 2019-ի օգոստոսի 22-ին՝ կառավարության N 1124-Ն որոշմամբ, ինչի հետևանքով էլ բացակայել է 2019 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը, և ստուգումներ չեն կատարվել։

2020 թվականի ապրիլի 30-ին հաստատվեցին ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների 14 ստուգաթերթերը։  Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Ալվարդ Արշակյանը Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հաստատված ստուգաթերթերն ուժի մեջ են մտել այս տարվա մայիսի 28-ից, այսինքն՝ մինչ այդ Տեսչական մարմինը չի ունեցել ստուգումներ իրականացնելու իրավասություն։ 

«Արդյունավետ վերահսկողություն իրականացնելու ամենամեծ խոչընդոտը եղել է հաստատված ստուգաթերթեր չունենալու հանգամանքը։ Ասեմ ավելին՝ կառավարության որոշմամբ դեռևս միայն Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բնագավառում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ անցկացնելու ստուգաթերթերն են հաստատվել։ Այլ ոլորտների համար դրանք դեռ չկան»,- նշեց նա։

Փաստորեն, վերահսկողությունն իրականացվել է միմիայն վարչական վարույթներով, որոնք հարուցվել են Տեսչական մարմնին ներկայացված դիմում-բողոքների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ (ներառյալ ՀՀ վարչապետի հանձնարարականները)։

2017 թվականի ընթացքում ԱԱՏՄ-ն ձևավորման փուլում է եղել, և վարչական վարույթներ չի իրականացրել, 2018-ի ընթացքում (սկսած ապրիլից) ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 203 վարչական վարույթ, իսկ 2019 թվականին՝ 1674։ Սա ԱԱՏՄ բոլոր վարչությունների հավաքական ցուցանիշն է։

2019-ին աշխատողների առողջության պահպանման  և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում բողոք է ստացվել, դրանցից 6-ը վերահասցեագրվել են, 19-ը՝ պարզաբանվել։

Հարուցել է 25 վարչական վարույթ, որից 21-ը՝ ԱԱՏՄ նախաձեռնությամբ, 4-ը՝ դիմումի հիման վրա։ Հարուցված վարչական վարույթներից խախտումները վերացնելու համար տրվել է 17 կարգադրագիր՝ առաջադրանք տալու վերաբերյալ, իսկ 8 վարույթ կարճվել է՝ խախտման բացակայության հիմքով։

2019-ի սկզբին գործարկվել է Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունը։ ԱԱՏՄ-ից հայտնում են, որ, ըստ զանգերի վիճակագրության, աստիճանաբար ավելանում են հատկապես աշխատանքային հարաբերություններին առնչվող հարցերը։

2019թ․ ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությունը ստացել է տեղեկություն՝ աշխատավայրում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ։ Դեպքերից 5-ը եղել է մահվան ելքով։ Տարբեր ծանրության վնասվածքներ ստանալու ամենամեծ մասը՝ 22-ից 9-ը, գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, 1-ը՝ մահվան ելքով:


ԱԱՏՄ կողմից 2019-ի ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունից

Օրենսդրական բարեփոխումները

2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Սրա համաձայն՝ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվեց հետեւյալ խմբագրությամբ.

«Գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն  իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը` օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:»:

Փաստացի, այսպիսով վերականգնվում է 2014 թվականին ուժը կորցրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 34-րդ հոդվածը և աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում արդեն կլինի պետական հասցեական մարմին, որին կարող են դիմել քաղաքացիները։ Ըստ նախագծի հեղինակների՝ ակնկալվող արդյունքն այն է, որ կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն: Բացի այդ՝ ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով կհամապատասխանեցվի միջազգային պայմանագրերով ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, ինչը նաև ենթադրում է Տեսչության նյութատեխնիկակական ապահովվածություն, մասնագիտական հմտությունների եւ կարողությունների զարգացում:

Այս փոփոխությունը, սակայն,  ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից: Այդ հանգամանքը ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը բացատրել էր՝ նշելով․ «Մեր ԱԺ գործընկերներն ուզում էին, որ նոր օրենսդրական կարգավորումներն ավելի շուտ ուժի մեջ մտնեին, բայց ես իրենց ներկայացրել եմ մեր շենքային անմխիթար պայմանները: Ասացի՝ մի հատ եկեք ու տեսեք, թե Տեսչական մարմինն ինչ անմխիթար պայմաններում է աշխատում: Եթե այդ գործառույթները հիմա մեզ տաք, պարզապես չենք կարողանա աշխատել, խայտառակ ենք լինելու, մեր ռեսուրսները չեն բավականացնի: Նախնական հաշվարկով՝ մինչև 2021 թվականը 50-60 մասնագետ պետք է ավելացնենք աշխատանքի բլոկում՝ և՛ մարզերում, և՛ գլխամասում, որպեսզի այդ աշխատանքները պատշաճ կատարենք»։

2020 թվականի փետրվարի 26-ին վարչապետի 263-Ա որոշմամբ արդեն  հաստատվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների ցանկը, որտեղ նշված է նաև դրանք կատարելու ժամանակացույցը։ Համաձայն այդ որոշման՝ նախատեսվում է, որ ԱԱՏՄ կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ կկազմվի և վարչապետի աշխատակազմին կներկայացվի՝ մինչև 2021 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակը։ Նախատեսված է նաև, որ փոփոխություն կկատարվի վարչապետի 706 Ա որոշման մեջ, որը վերաբերում է աշխատողների թվաքանակին։ Սահմանված լիազորություններն ամբողջական և արդյունավետ իրականացնելու նպատակով աշխատողների թիվը կավելանա։

Հաջորդ փոփոխությունն այն է, որ Տեսչական մարմինը կճանաչվի այդ ոլորտի լիազոր մարմին։ Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է լիազոր մարմինը, սակայն, որպեսզի ԱԱՏՄ-ն ճանաչվի լիազոր մարմին, դա պետք է ամրագրվի օրենքով։ Տեսչական մարմնին այդ ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու նպատակով նախատեսվում է, որ փոփոխություն կկատարվի նաև Կառավարության 1071 N Ա որոշման մեջ։ Այդ միջոցառումների համար ևս որպես ժամկետ սահմանված է 2021 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակը։

Սակայն, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը կրկին օրակարգ  բերեց աշխատողների բոլոր տեսակի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին ունենալու անհրաժեշտության հարցը, և ելնելով արտակարգ դրության ընթացքում ծագած խնդիրներից, արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունից՝ խորհրդարանն ապրիլի 29-ի արտահերթ նիստում կառավարության առաջարկով ընդունեց «Աշխատանքային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք, որով Տեսչական մարմնի լիազորությունները որոշ մասով ընդլայնվեցին նախանշված ժամանակից շուտ:

Սահմանվեց, որ արտակարգ բնույթ կրող դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում Տեսչական մարմինն իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ։ Նաև պարզաբանում տրվեց, թե ինչ է հեռավար աշխատանքը, նախատեսվեց հատուկ դեպքերում աշխատանքի վարձատրությունը և այլն, ու այս ամենի վերահսկողությունը վերապահվեց Տեսչական մարմնին։

Գործնականում, սակայն, սրա վերաբերյալ որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Ինչպես Ալվարդ Արշակյանը նշեց մեր զրույցում՝ թեև Աշխատանքային օրենսգրքի այդ փոփոխությունները մայիսի 8-ից ուժի մեջ են մտած, և, ըստ դրանց, Տեսչական մարմինը կարող է անդրադառնալ համաճարակի և դրա հետևանքների վերացման վերաբերյալ ստացված դիմում-բողոքներին, սակայն ԱԱՏՄ կանոնադրության մեջ դեռևս փոփոխություններ չեն կատարվել, իսկ Տեսչականն այդ դիմում-բողոքներին կարող է ընթացք տալ իր կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններից հետո միայն։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ պետական վերահսկողությունը, սկսած 2013 թվականից, բացառապես թուլացվել է՝ հասնելով մի իրավիճակի, երբ աշխատողների իրավունքներին վերաբերող կարևորագույն գրեթե բոլոր դրույթների նկատմամբ այս պահին չկա որևէ տեսակի պետական վերահսկողություն։ Եվ միայն 2019 թվականից սկսած են ընդունվել օրենքներ, որոնցով Տեսչական մարմնի լիազորությունները ոչ թե կրճատվում, այլ էապես ընդլայնվում են։ Այնուամենայնիվ, մինչև օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն, դեռևս ուղիղ մեկ տարի Հայաստանի Հանրապետությունում աշխատողներն իրենց խախտված իրավունքների վերականգնման ճանապարհին պետական մարմինների օժանդակությանն ապավինել չեն կարողանա։

Աստղիկ Քեշիշյան 

(Առողջապահական և աշխատանքի պետական տեսչության կայքէջը կառուցման փուլում է, ինչով պայմանավորված՝ հոդվածում առկա որոշ հղումներ այս պահին հասանելի չեն)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել