Ցավոք, նախագահը չունի վետո կիրառելու իրավունք. Արմեն Սարգսյանը ստորագրել է գույքահարկի վերաբերյալ օրենքը
20:20 - 30 հունիսի, 2020

Ցավոք, նախագահը չունի վետո կիրառելու իրավունք. Արմեն Սարգսյանը ստորագրել է գույքահարկի վերաբերյալ օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, հայտնում է նախագահի աշխատակազմը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև օրենքի վերաբերյալ հնչած մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել նախագահին, վերջինս էլ քննարկումներ է ունեցել իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:

«Նախագահը տեղյակ է օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, հանրապետության նախագահը կարծում էոր օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու»,- փոխանցում են նախագահի աշխատակազմից և հավելում.

«Ցավոք, հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք:

Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ օրենքի սահմանադրականության խնդիր չկա: Հետևաբար, նախագահը ստորագրել է Օրենքը»:

Նշվում է նաև, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Արմեն Սարգսյանը շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել