Ամուլսարի պահապանները սպասում են տարածքից պահնորդական խմբի մի մասի դուրս գալուն |news.am|

13:31 - 01 հուլիսի, 2020

news.am: Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպության հետ նխօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր նրանք պետք է հեռանային՝ թողնելով միայն հերթափոխի աշխատակիցներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Նրա խոսքով, ջերմուկցիներն այսօր առավոտյան եկել են Ամուլսարի պոստերի մոտ, որ իրենց աչքով համոզվեն, որ նրանք հեռանում են. «Քանի որ մարդիկ իրենց չեն ճանաչում եւ չկա վստահություն, մանավանդ իրենց երեկվա մոտեցումից հետո, բնակիչները որոշել են անձամբ ներկա գտնվել եւ ճանապարհ դնեն, որ հանկած ինչ-որ խաղեր կամ պայմանավորվածության դրժումներ չլինեն»,-ասաց Բունիաթյանը:

Նոր պահնորդական ծառայության ղեկավարը հայտարարեց, որ իրենց երեկվա պայմանավորվածությունն ուժի մեջ է, օրվա ընթացքում իրենց ռեզերվային ուժերը տարածքից կհանեն, կմնան միայն հերթափոխ իրականացնողները:

Երեկ Ամուլսարում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության աշխատակիցներին փոխարինել էին պահնորդական նոր կազմակերպության աշխատակիցները: Դրանից հետո ջերմուկցիները հավաքվել էին եւ պահանջել, որ նոր կազմակերպությունը կարող է գործել միայն ճիշտ նույն պայմաններով, ինչպես գործել է «Պանտեռան»:

Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության եւ ոստիկանության միջեւ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որեւէ հյուրանոցում եւ Ամուլսարի տարածքում չեն մնա»:

Մինչ այդ նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները, որոնք եկել էին փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության ներկայացուցիչներին, ասում էին, որ հերթափոխից հանգստացող աշխատակիցները եւս կմնան Ամուլսարի տարածքում, հենց այդտեղ էլ կհանգստանան, ինչին դեմ էին Ամուլսարի պահապան ակտիվիստները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել