Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|
12:57 - 02 հուլիսի, 2020

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը:

«Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին:

«Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը:

Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։

Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։

Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։

Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։

Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։

Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել