Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|
14:15 - 02 հուլիսի, 2020

Առարկայական բանակցությունները հնարավոր են միայն խաղաղ պայմաններում․ Տաթևիկ Հայրապետյան |hhpress.am|

hhpress.am: Նախօրեին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակոնֆերանսը։ Այն երկրորդն էր կորոնավիրուսի համավարակից հետո, առաջինը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին։ Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին։

ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ եւ ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը, քանի որ «դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին եւ խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ եւ անվտանգ տեղաշարժի միջոցով։

Հատկանշական է, որ ի տարբերություն ապրիլի 21—ի տեսակոնֆերանսից հետո արված հայտարարության, որը հնգակողմ էր, այս անգամ այն տարածվել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել հայտարարությունից։ Որո՞նք էին այս տեսակոնֆերանսի օրակարգային թեմաները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայտարարությունները տարբեր են լինում, եւ այն հանգամանքը, որ միայն համանախագահների անունից են, որեւէ բան չի փոխում։ «Համանախագահները, որոնք կազմակերպում են եւ միջնորդ են հանդիսանում, բնականաբար այդ տեքստերը համաձայնեցնում են կողմերի հետ։ Առանց դրա հրապարակային չէին դառնա»,–նկատեց պատգամավորը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարեւոր տեղ էր հատկացված այն փաստարկին, որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ կողմերից մեկը սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Հայրապետյանի կարծիքով՝ «վերջին սադրիչ հայտարարություններից» եւ «ռազմատենչ հռետորաբանությունից» զերծ մնալու մասին խոսքերի հասցեատերը Ադրբեջանն է. «Բոլորս քաջ գիտենք, որ հայկական կողմերից ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Արցախի Հանրապետությունը նմանատիպ հայտարարություններով երբեք հանդես չեն եկել։

Այդ կոչերը վերաբերում են բացառապես Ադրբեջանին։ Հասկանալի է, որ առանց համապատասխան միջավայրի հնարավոր չէ առաջ գնալ բանակցային գործընթացում»,–ընդգծեց նա։ Հայտարարության մյուս կարեւոր շեշտադրումն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները խոսում են մթնոլորտի առողջացման վերաբերյալ թեզից, որն առաջ է քաշվել հայկական կողմից։ Այս հայտարարությունը, դրան նախորդող բազմաթիվ հայտարարություններ նույնպես փաստում են, որ հայկական կողմի ներկայացրած օրակարգային հարցերն ընդունելի են միջազգային գործընկերների համար։

Հայտարարության մեջ համանախագահները հատուկ ընդգծել են, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»։ Դա բխում է երեք գլխավոր սկզբունքներից, այն է՝ «ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառումից»։ Մինչդեռ Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ երկրի ղեկավարի, թե՛ պաշտպանության նախարարի մակարդակով շարունակ խոսում է այն մասին, որ իրենք պատրաստ են նաեւ ռազմական լուծման, ուղղակի սպասում են համապատասխան իրավիճակի ստեղծման, երբ կկարողանան կրկին գնալ էսկալացիայի։ «Դա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, մեղմ ասած, ազնիվ չէ այս գործընթացներում։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ հայկական կողմից համարժեք պատասխանը չի ուշանա»,–շեշտեց զրուցակիցս։

Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հայկական կողմից առաջ քաշված օրակարգային կետերն ամբողջությամբ արտացոլվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, եւ խիստ գնահատականներ են տրվում հնչող ռազմատենչ հայտարարություններին։ Պատգամավորը առարկայական եւ կարեւոր է համարում ուղիղ կապի վերաբերյալ շեշտադրումը, որ կրկին իրականացվել է հայկական կողմի նախաձեռնության շնորհիվ։ Խոսքը վերաբերում է 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված օպերատիվ կապին։

Շարունակությունը՝ hhpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել