«Իմ քայլը» առաջարկում է բարձրացնել դատավորների կենսաթոշակը |hetq.am|
14:21 - 02 հուլիսի, 2020

«Իմ քայլը» առաջարկում է բարձրացնել դատավորների կենսաթոշակը |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանն առաջարկում են դատավորների կենսաթոշակի չափը բարձրացնել:

Քաղաքական մեծամասնության պատգամավորները փոփոխություն են առաջարկում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում:

Այս փոփոխության համար հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի որոշումը, որով վերջինս Սահմանադրությանը հակասող է ճանաչել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի մի շարք հոդվածներ, ըստ որոնց՝ դատավորները կենսաթոշակ պետք է ստանան աշխատավարձի 55 տոկոսի չափով:

Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:

Հիմնավորման մեջ հեղինակները վկայակոչում են Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Որպես անկախության երաշխիք նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

Որպես անկախության երաշխիք, ըստ Եվրոպական խարտիայի, ամրագրվում է նաև բարձր կենսաթոշակի իրավունքը` մանրամասնելով, որ վերջինիս չափը պետք է առավելագույնը համարժեք լինի դատավորի ստացած աշխատավարձին:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ նշել է` պետք է հաշվի առնել, որ դատավորների բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակը և դրա չափը, նրանց գործունեության վարձատրության հետ միաժամանակ, հնարավորություն են տալիս դատավորներին կանխատեսելիորեն ունենալու այնպիսի իրավաչափ սպասելիքներ, ինչպիսիք են  իրենց կյանքը և գործունեությունը` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, կենսաթոշակային տարիքը լրանալու հեռանկարով պաշտոնեական գործունեության շրջանակներում անհարկի ազդեցություններով կաշկանդված չլինելը:

«Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների կենսաթոշակի չափը պետք է ոչ միայն համարժեք լինի նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվության աստիճանին, այլև ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրանց պաշտոնավարման դադարմանը նախորդող վարձատրության չափի հետ այն հաշվով, որ դատավորի սոցիալական անկախության երաշխավորված մակարդակն էապես չնվազի նրա պաշտոնավարման դադարման հիմքով, առավել ևս չփոփոխվի՝ կախված սոսկ ընթացիկ քաղաքական գործոններից»,-նշված է ՍԴ որոշման մեջ:

Ըստ հեղինակների՝ ներկայացված նախագծերի փաթեթն ուղղված է ապահովելու դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանումը, ինչն էլ իր հերթին կապահովի արդարադատության շահերի պաշտպանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել