Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը
 |armtimes.com|
19:13 - 02 հուլիսի, 2020

Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը |armtimes.com|

armtimes.com: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) e-draft.am-ում քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը: Հիմնային փոփոխություններ ենթադրող այս նախագիծը, որին նախկինում էլ անդրադարձել ենք, հարյուրավոր հարցեր է առաջ բերում, որոնց պատասխանները շարունակաբար կփորձենք ստանալ պատկան մարմիններից եւ ոլորտի մասնագետներից:

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեր զրույցում մեկնաբանեց վերջին օրերի քննարկումները Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Այն դիտարկումներին, որ առարկան դուրս է բերվում հանրակրթական առարկայացանկից, մինչդեռ ԿԳՄՍՆ պաշտոնյաները, այդ թվում Արայիկ Հարությունյանը նախկինում նշել էին, որ նման խնդիր դրված չէ, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք ընդհանուր առմամբ առարկայացանկի ձեւավորման մոտեցումներն ենք փոխել: 5-րդ եւ 6-րդ դասարաններում ունենք որոշակի ինտեգրված առարկաներ, որոնց առարկայական ծրագրերն առաջիկայում կդրվեն քննարկման, եւ բոլորը հնարավարություն կունենան դրանց հետ ծանոթանալու: Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական եւ հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձեւաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձեւով: Այսինքն 5-6-րդ դասարաններում խոսում ենք ինտեգրված առարկայի մասին, ավելի բարձր տարիքում՝ առանձին առարկաների: Ընդ որում, ամեն դասարանում իր տարիքային հոգեբանությամբ եւ ընդհանուր մանկավարժական մոտեցմամբ»:

Ո՞ր առարկաների հետ է ինտեգրվելու Հայ եկեղեցու պատմության ծրագիրը, նյութի ո՞ր մասը կպահպանվի. «Ընդհանուր առմամբ նյութը, որ որպես գիտելիք եւ հմտություն ներառված է Հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում, հիմնականում՝ ճնշող մեծամասնությունը, պահպանված է, բայց թե կոնկրետ որ դասարանի որ առարկայի չափորոշչում կլինի, կներկայացվի առաջիկայում: Ծրագիրը որոշ տեղերում մենք փորձել ենք նույնիսկ ընդլայնել՝ կապելով ավելի լայն բովանդակության-մոտեցումների հետ: Այնպես որ, այստեղ խոսքը մեխանիկական փոխանցման մասին չէ, քանի որ առարկաների մոտեցումները սկզբունքորեն փոխվել են, որեւէ առարկա մեխանիկորեն չի գնում-միանում այլ առարկայի կամ առանձնանում»:

Եթե կատարվող իրադարձությունները, կաթողիկոսների կյանքն ու կայացրած որոշումները կարելի է ներառել Հայոց պատմության դասընթացի շրջանակում, իսկ ազգ, հայրենիք, բարոյականություն, ազնվություն թեմաները, որ ներառված էին ՀԵՊ առարկայի շրջանակում, դիտարկել հասարակագիտության շրջանակում, ապա քրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությունը, Հին եւ Նոր կտակարանների պատումները, ո՞ր առարկայի շրջանակում պիտի դրվեն. «Այն, ինչ նշեցիք, արժեքային ուսուցմանն ու դաստիարակության բաղադրիչին են վերաբերում, դա չի կարող լինել որեւէ առանձին առարկայի շրջանակում, դա դաստիարակության անբաժանելի մասը պիտի լինի եւ պիտի արտացոլված լինի կրթության ամբողջ ընթացքում: Օրինակ, տարրական դպրոցում արժեքային ուսուցումն իրականացվում է նաեւ մայրենի լեզվի ուսուցման շրջանակում: Մեր ամբողջ հանրակրթությունը, եւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով առաջարկվող արժեքային բաղադրիչը կարող է լինել միայն, երբ դա ընդհանուր մոտեցում լինի բոլոր առարկաների շրջանակում: Դաստիարակության եւ արժեքային բաղադրիչի խնդիրը պետք է լուծենք բոլոր առարկաների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ գիտելիքին եւ այդ փաստական տեղեկատվությանը, ապա դա իհարկե, առարկայական ծրագրերի շրջանակում տեղ կգտնի»:

Անդրեասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առարկայական չափորոշիչները հանրային քննարկման կդրվեն մոտ տասն օրից: «Առաջարկում եմ բովանդակային քննարկումներին մասնակցել հենց այդ պահից»,- կոչ արեց նա:

Ի պատասխան այն հարցին, թե բուռն հանրային ընդվզման դեպքում նախատեսվո՞ւմ է վերանայել որդեգրված սկզբունքը եւ առարկան պահպանել՝ որպես, օրինակ, կրոնագիտություն կամ մշակույթի պատմություն, ինչպես արվում է բազմաթիվ երկրներում՝ Անդրեասյանը նշեց, որ դա առանձին կարող է լինել՝ որպես դպրոցի որոշում: «Կրթության այս փիլիսոփայությունը դպրոցներին ինքնավարություն, ուսուցիչներին՝ ճկունության հնարավորություն տալն է: Դա նշանակում է, որ մենք առանձնացրել ենք վերջնարդյունքները՝ թե երեխան ինչ արդյունքների պիտի հասնի այս կրթական ծրագրերի ավարտին, ինչ պիտի կարողանա, իմանա եւ անի: Բայց ինչպես դպրոցը դրան կհասնի, դա արդեն դպրոցի որոշելիքն է. դպրոցը կարող է ձեւավորել առանձին առարկա, որտեղ կներառի կրոնի պատմության, մշակույթի պատմության ինչ-որ դրվագներ: Նման առարկայական ծրագրեր մշակել եւ իրականացնել այսօր էլ կարող է յուրաքանչյուր դպրոց, սակայն այդ հնարավորությունը տրված է ավելի ընդլայնված՝ գործիքային չափորոշչի տարբերակով, քանի որ մենք նախատեսում ենք ֆինանսավորել առավելագույն ժամաքանակով բոլոր պետական դպրոցներին: Դա նշանակում է, որ դպրոցը, որպես մանկավարժների համախումբ, որպես միջավայր, ուր որոշում են, թե ինչպես աշխատել երեխայի հետ, պետք է կարողանա որոշել, թե որն է առարկաների այն հավելյալ ցանկը, որ ուզում է ավելացնել եւ ուսուցանել: Հետեւաբար դա չի ենթադրում, որ մենք պիտի փոխենք այս պահի նախագիծը: Մենք արդեն իսկ այդ հնարավորությունը տվել ենք դպրոցին, եւ քանի որ ծնողն էլ ունի դպրոցի ընտրության իրավունք, կկարողանա ընտրել՝ իր երեխան ինչ ձեւաչափով է ուզում, որ սովորի այս կամ այն դպրոցում, եւ կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է բավարարի բոլորին: Քանի որ մեր հասարակության ներսում միշտ տարբեր են կարծիքները, հիմա մենք ստեղծում ենք հնարավորությունը, որ դպրոցները կարողանան այլընտրանքային մոտեցումներ ձեւավորել մանկավարժության մեջ: Դպրոցը կարող է ուսուցանել Արվեստ ինտեգրված առարկա կամ առանձին Երաժշտություն եւ առանձին Նկարչություն առարկաներ: Այսինքն՝ դպրոցներին տրվում է ստեղծագործական մոտեցման հնարավորություն, եւ կարծում եմ, որ սա ամենաճիշտ ճանապարհն է դպրոցը զարգացնելու»:

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել