Գյումրիում նախատեսվում է կառուցել 500 միլիոն դոլար արժողությամբ օդային քաղաքային տրանսպորտային համակարգ
 |shantnews.am|
23:09 - 02 հուլիսի, 2020

Գյումրիում նախատեսվում է կառուցել 500 միլիոն դոլար արժողությամբ օդային քաղաքային տրանսպորտային համակարգ |shantnews.am|

shantnews.am: Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվեց հանրային բաց լսում – քննարկում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց  քաղաքում «Սքայ Գյումրի» ծրագրի իրագործման միջոցով օդային քաղաքային տրանսպորտային համակարգի ստեղծման նախագիծը։

Այն իրականացնելու է  «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 500 միլիոն դոլար։ Նախատեսվում է քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որը կունենա մոտ 14 կանգառ ու կայանատեղի, որտեղ կկառուցվեն  ժամանցային վայրեր, սպորտային համալիր, սրճարաններ ու հանգստի համար նախատեսված գոտիներ։

Օդային տրանսպորտը սկիզբ կառնի Շիրակ օդանավակայանից, կշրջի քաղաքի պատմական միջուկով, կանցնի գրեթե բոլոր թաղամասերով  ու կրկին շրջանաձև ընթացքով կվերադառնա մեկնակետ։ Տրանսպորտը կաշխատի նորագույն տեխնոլոգիայով, վարորդներ ու հսկիչներ չեն լինելու, իսկ վարձավճարը տեղացիների ու զբոսաշրջիկների համար կլինեն տարբերակված. գյումրեցիները կունենան զեղչից օգտվելու հնարավորություն։

«Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը, որը հանրային լսման ընթացքում ներկայացնում էր շատերի համար հավակնոտ ծրագիրը, փաստեց, որ այն Գյումրիում ներկայացնելու պատճառներից մեկն էլ իր գյումրեցի լինելն է և հետո հաշվի է առնվել զբոսաշրջային քաղաք լինելու հանգամանքը։

Ըստ նրա՝ ծրագիրը շահութաբեր չէ և կառավարությունից որևէ օժանդակության կամ հարկային արտոնությունների ակնկալիք չունեն. միայն ցանկանում են, որ հողհատկացումներն ու փաստաթղթային հարցերը հնարավորինս արագ կազմակերպվեն, որ շինաշխատանքները հնարավոր լինի սկսել այս տարի։

Օդային տրանսպորտային համակարգի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին, ցեմենտբետոնյա տարրեր չեն օգտագործվելու, ենթակառուցվածքները կլինեն մոդուլային՝ մետաղապլաստե կոնստրուկցիաներով կառուցված։ Նախատեվում է ծրագրի շրջանակում վերակառուցել ու զբոսաշրջային կենտրոններ դարձնել նաև քաղաքի պատմական հուշարձաններն ու չգործող շատրվանները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել