armenpress.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել իր պատասխաններից։ Հուլիսի 3-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թորոսյանը ասաց, որ իրեն վկայի կարգավիճակով էին հրավիրել դատական նիստին, և բավական հանգամանալից պատասխանել է կողմերի հարցերին։

Լրագրողի հարցին, թե ինչու էր դատական նիստը դռնփակ, արդյոք սկանդալային հայտարարություններ պետք է լինեին, Թորոսյանը պատասխանեց, որ չի կարող ասել իր ասածները սկանդալային էին, թե ոչ, բայց նոր հանգամանքներ ի հայտ են եկել իր պատասխաններից, դատարանը պետք է որոշի` ինչ անել դրանց հետ։

«Այդ գործին նախորդող որոշակի գործընթացներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,- ասաց Թորոսյանը։

Նա հիշեցրեց, որ իր հայտարարություններով դատապարտել է և անընդունելի է համարել ֆինանսական հարաբերությունների մեջ Առողջապահության նախարարության որևէ աշխատակցի, այդ թվում փոխնախարարի ներգրավում և հին աշխատաոճը։

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Իսկ մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։