Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան |aysor.am|
16:08 - 03 հուլիսի, 2020

Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան |aysor.am|

aysor.am: Ամուլսարում, որտեղ 2-3 օր անընդմեջ լարված իրավիճակ էր, այժմ ամեն ինչ կարգավորվել է։ Պայմանները, որոնք պահնորդական խմբին ներկայացրել են Ջերմուկ համայնքի բնակիչները, կատարված են։ «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն ասաց, թե ի սկզբանե իրենք խնդիր չեն դրել, որ այդտեղ պահնորդական ծառայություն չպետք է իրականացվի, այլ հակառակը։

«Ամուլսարի տարածքը փակվելու առաջին իսկ օրվանից, դեռ 2018 թվականից, մենք ասել ենք, թե դեմ չենք, որ տարածքում պահնորդական աշխատակազմ լինի, քանի որ այնտեղ ինչ-որ միջադեպի՝ գողություն կամ գույքի վնասման դեպքում համայնքի բնակիչը կամ ընդհանրապես ՀՀ քաղաքացին պատասխանատվություն չկրի։ Մեծ հաշվով մեզ համար էական չի, թե այդ պահնորդական ծառայության անունն ինչ կլինի, թող իրենք իրենց հերթապահությունն իրականացնեն՝ առանց շոուների», - ասաց Շիրակ Բունիաթյանը։

Ամեն ինչ սկսել էր այնտեղից, երբ, Բունիաթյանի խոսքով, նոր պահնորդական ծառայության աշխակիցները տարածք էին մտել զենքերով և դիմակավորված։

««Լիդիան» ընկերությունն այս պահնորդական ծառայության հետ պայմանագիր էր կնքել, և ըստ այդ պայմանագրի, իրենք իրավասություն էին ստացել, որ գային տարածք և հսկողություն իրականացնեն։ Խնդիրն իրենց գալու, մոտեցման ձևն էր. Ժամը 5-ին զորքով, զենքով, դիմակավորված եկել էին։ Դա շարժել էր ժողովրդի զայրույթը։ Կային ընթացիկ հարցեր, որտեղ մենք համաձայնության չէինք գալիս, իրենք ձգձգում էին։ Կարծում եմ, որ ձեռք բերված համաձայնությունը նորմալ կպահեն, իսկ եթե ոչ, համայնքի բնակիչը ստիպված կլինի նորից ձայնը բարձրացնելու, մինչև ամեն ինչ կլինի ժողովրդի ուզած ձևով», - ասաց Շիրակ Բունիաթյանը՝ նշելով, որ այս պահին ամեն ինչ նորմալ է, «իրենց նախնական այդ ագրեսիվ պահվածքն այլևս չկա»։

Նշենք, որ տարածք մուտք գործելիս պահնորդական ծառայության աշխատակիցները մեքենայի տակ էին գցել տարածքում գտնվող շան ձագերից երեքին, ինչն առաջացրել էր տարածքը պահպանող համայնքի բնակիչների զայրույթը։

«Արդեն երկու տարի է՝ շները մեզ մոտ են՝ պոստերում։ Մենք նրանց կերակրում, պահում ենք։ Հնարավորինս զգույշ ենք, որպեսզի չվնասենք, բայց քանի որ այդ մարդիկ որոշել էին ամեն ինչ անել անշնորհք ձևով, ձագերից երեքին կոխ են տվել, սատկացրել։ Նորանշանակ ոստիկանապետը խոստացավ, որ այդ ամենն ունենալու է իր իրավական հետևանքը։ Հուսով ենք, որ համարժեք գնահատականի կարժանանա այդ դեպքը, որովհետև եթե մի ձագ լիներ, գուցե հասկանայինք, որ անզգուշության հետևանք է։ Բայց այս դեպքում ոչ թե անզգուշություն, այլ անփութություն է եղել», - ասաց նա:

Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ այս պահին պահնորդները հերթափոխով են ծառայությունն իրականացնելու.

«Ռեզերվային մասը դուրս է բերվել տարածքից։ Հնարավոր է՝ նախկին կապալառու պահնորդական խմբի համեմատ մեկ կամ երկու մարդ ավելի կամ պակաս լինեն հենակետերում, դա իրենք կորոշեն, բայց մեր խնդիրն այն էր, որ ռեզերվային մասը չմնա այդ տարածքում, որովհետև իրենց այդտեղ մնալը հետևանքներ է առաջացնում։ Այդ դեպքում արդեն տարածքում մեծ շարժ էր լինելու, այժմ սահմանափակվել են 50-60 հոգով։

Պայմանավորվել ենք, որ այդ շոուները տարածքում չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել