ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին
19:32 - 03 հուլիսի, 2020

ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020թ. հունիսի 12-ին իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք դուրս են որոշման ընդհանուր կոնտեքստից և չեն համապատասխանում դրա բովանդակությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Արթուր Ղազինյանի հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ քննության արդյունքներով վերջնական օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Արդյունքում՝ պարզվել է, որ հանցագործության մասին հաղորդում տված անձ Արթուր Ղազինյանը մի շարք սուբյեկտիվ դատողություններ ներկայացրել է իբրև պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններ:

Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համատեղ վերլուծության և գնահատման արդյունքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ՀՀ գործադիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը կամ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցրել կամ աղավաղել կամ կատարել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցավոր արարք, հետևաբար` վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 278-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, և որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի կողմից նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ի պատասխանում նշված է, թե ինքը դատողություններ է արել կորոնավիրուսով վարակվելու առաջին գրանցված դեպքից 5-ից ավելի ամիս հետո, ապա անհրաժեշտ ենք համարում փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված առաջին դեպքը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 2020թ. մարտի 1-ին, ինչի մասին հստակ հիշատակված է քննիչի որոշման մեջ: Որոշման տեքստում միայն մեկ անգամ հանդիպող առաջին հաստատված դեպքից ավելի քան 5 ամիս ձևակերպումը ընդամենը տեխնիկական վրիպակ է: Ավելին, հետագա շահարկումներից խուսափելու համար, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` քննիչի որոշումն ամբողջությամբ կցվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել