Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին |armtimes.com|
10:27 - 04 հուլիսի, 2020

Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին |armtimes.com|

armtimes.com: Վերջերս Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին մի ռեպորտաժ, որի շրջանակներում մի քանի վայրկյան ժամանակ էր հատկացվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսակետին:

Սա աղմուկի առիթ հանդիսացավ: Նախ, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը քննադատությամբ հանդես եկավ, թե ահա, եղբայրական Հայաստանը եթեր է տրամադրել նացիստ Նավալնիին, որը հայերին խաչիկ է անվանում եւ ատում է նրանց: Ապա նաեւ սկսեցին քննադատություններ հնչել հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներից: Ամեն ինչ շրջվեց եւ այդ ուժերի կողմից մեկնաբանվեց այնպես, թե ՀՀ իշխանությունները դարձյալ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Եվ այդ պահին հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարեց. «…ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման եւ մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք եւ ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի եւ եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա…»:

Հայ-ռուսական հարաբերություններն արդյոք ունե՞ն փրկելու կարիք, ՀՀ իշխանությունները նախօրոք տեղյակ եղե՞լ են Հանրայինի ռեպորտաժի մասին, դա քաղաքական մեսի՞ջ էր, թե՞ սովորական լրագրողական նյութ. այս ամենի շուրջ զրուցել ենք Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգույթամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի հետ:

- Պարոն Սանդիկով, վստահաբար տեղյակ եք, որ ռուս քաղաքական գործիչ Նավալնիի մասնակցությամբ Հանրային  հեռուստաընկերության տեսանյութը առիթ հանդիսացավ, որ Հայաստանում եւ Ռուսաստանում որոշ շրջանակներ սա ընկալեն կամ համենայնդեպս ներկայացնեն որպես ՀՀ իշխանությունների կողմից մեսիջ, հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու փորձ եւ այլն: Նախ, ինչպե՞ս եք գնահատում տեսանյութին հաջորդած այդ աղմուկը:

- Իմ համոզմամբ, Ռուսաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լուսաբանելու հարցում Հանրային հեռուստաընկերության միտումը եւ նպատակը հնարավորինս օբյեկտիվ պատկեր (այսինքն՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր դիրքորոշումները, եւ հանրության կարծիքը ներկայացնելու) ցույց տալն էր, եւ դա տալիս էր ընդհանուր պատկերի մասին տեղեկատվություն: Անձամբ Նավալնիի առումով, անկեղծ ասած, ես ինքս էլ կիսում եմ այդ միտքը, որ պետք չէր հենց նրա տեսանյութը ընդգրկել ռեպորտաժի մեջ, որովհետեւ Նալավնու կերպարը թե հայերի համար է անընդունելի՝ որպես հայատյաց, թե Ռուսաստանում է նա ընկալվում  որպես ծայրահեղական: Այդ պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ քաղաքական գործչի հետ հարցազրույց անելը կամ կարծիք հարցնելը, որպեսզի այն խնդիրը, որ դրված էր Հանրայինի առջեւ՝ օբյեկտիվություն, բազմակարծության, խոսքի ազատություն ապահովել տեղեկատվության առումով, այդ բոլոր խնդիրները կատարված կլինեին: Ուստի ես ինքս էլ չեմ ողջունում, որ հենց Նավալնու տեսանյութն էր ընդգրկվել, որը թույլ տվեց այդ դաշտի վրա ստեղծել հակառուսական տրամադրություններ:

- Իսկ Նավալնիին եթեր տալը կարո՞ղ էր լինել քաղաքական որոշում:

- Ոչ, ոչ, ոչ, ես բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը: Քանիցս թե պաշտոնական հանդիպումները, թե մեր արտգործնախարարների մակարդակով շփումները ցույց են տալիս բոլորովին հակառակը: Ես կարծում եմ այստեղ խոսքի ազատության եւ ժողովրդավարության ֆոնի վրա փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, թե ամեն ինչ վատ է հայ-ռուսական հարաբերություններում:

- Ովքե՞ր եւ ինչու են ստեղծում նման օրակարգ:

- Դուք ինքներդ տեսել եք, որ թե՛ ներկայիս ԱԺ ընդդիմադիր գործիչներից մի քանիսը սուր արձագանքեցին, թե՛ Ռուսաստանում մեր հայրենակիցները, բայց էլի եմ ասում, դա ավելի շատ արհեստական օրակարգ էր, թե իշխանությունների կողմից դիտավորությամբ հենց Նավալնու էսինչ ելույթը ցուցադրվեց:

- Այդպիսի պնդում կար նաեւ Ռուսաստանում հայերի միության քննադատությունում: Ասվում էր, որ մտածված հակահայկական ակցիա է Հանրայինի եթերում:

- Ես չեմ կիսում իրենց այդ դիրքորոշումը, ես համոզված եմ, որ այդպես չէ եւ դիտավորություն հենց Նավալնուն ցուցադրելու մեջ չի եղել: Կարծում եմ՝ ավելի հստակ մեկնաբանությունը դուք Հանրային հեռուստաընկերությունից էլ կարող եք ստանալ, դա իմ մոտեցումն է:

- Պարոն Սանդիկով, իսկ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները կարո՞ղ են կախված լինել որեւէ եթերից, որեւէ հայտարարությունից:

- Համոզված եմ, որ ո՛չ: Իհարկե կարելի է դա դիտարկել որպես ազդակ՝ ուղղված հասարակության այս կամ այն զանգվածին: Բայց գլոբալ առումով քանիցս թե՛ վարչապետի, թե՛ մեր քաղաքական թիմի կողմից հնչեցվել է, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ Հայաստանը վարում է վիզը ծուռ արտաքին քաղաքականություն մեր գործընկերների հետ՝ լինի Ռուսաստանի Դաշնություն, թե լինեն այլ երկրներ: Մենք փորձում ենք շիտակ երկխոսության ճանապարհով բոլոր կնճռոտ հարցերը կարգավորել, եւ ես համոզված եմ, որ ցանկացած գործընկեր երկրի մենք պետք ենք նույնչափ, որքան որ այդ երկիրը մեզ: Այստեղ փոխշահավետության եւ փոխըմբռնման վրա խարսխված գործընկերության մասին է խոսք գնում, ոչ թե ինչպես սոցցանցերում են սիրում՝ հպատակ կամ կայսրություն տերմիններ օգտագործելով երանգներ ապահովել այդ գործընկերության համար:

- Ուղղակի եղել են դեպքեր, որ ռուսական եթերում եղած որեւէ ռեպորտաժ ներկայացվել է որպես Ռուսաստանի ղեկավարության մեսիջ՝ ուղղված իրենց հայ գործընկերներին:

- Դե գիտեք, հենց այդ նույն ռեպորտաժների համատեքստում էլ, դրան զուգահեռ հնչել է պետական պաշտոնյաների արձագանքը, որ դա բոլորովին չի ներկայացնում պաշտոնական դիրքորոշումը եւ ընդամենը լրագրողների աշխատանքն է, որը բացարձակ կապ չունի պաշտոնական դիրքորոշման հետ: Կարծում եմ մեր երկրների ղեկավարները քանիցս ապացուցել են, որ եթե իրար բան ունեն ասելու, երկխոսությունը միշտ կա: Նույնիսկ երեկ մեր ընդդիմադիր գործընկերները նշում էին, որ սա միտում ունի Հայաստանում գործող ռուսական գործող ռազմաբազան այստեղից հանել: Կարծում եմ, որ գործը ապացուցում է լրիվ հակառակը, որովհետեւ հենց անցած տարի մեզ մոտ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցն էր, որի ընթացքում կրկնապատկվեց ռազմաբազայի պոտենցյալը: Այնպես որ կրկնում եմ՝ այս օրակարգը կեղծ է եւ գոյություն չունի, դա ինչ-ինչ դիվիդենտներ շահելուն միտված օրակարգ է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել