Եվրոպոլն իրականացրել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատմության ամենախոշոր գործողությունը |hetq.am|
11:30 - 04 հուլիսի, 2020

Եվրոպոլն իրականացրել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատմության ամենախոշոր գործողությունը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի, Նիդերլանդների և Անգլիայի ոստիկանություններն իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատմության ամենախոշոր գործողությունը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ, առգրավվել է զինամթերք, միլիոնավոր ֆունտեր և եվրոներ, տոննաներով թմրանյութ։ Գործողության իրականացումը հնարավոր է եղել այն բանի շնորհիվ, որ ոստիկանությունը կարողացել է գաղտնազերծել մի զրուցարան (չաթ), որտեղ շփվել են կասկածյալները։

«Venetic» գործողության մասին (վենետիկերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեռած լեզու է, որը չի կիրառվում 11-րդ դարից) միանգամից հայտարարել են երեք երկրների ուժային մարմինները։ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 746 մարդ, Նիդերլանդներում՝ 100-ից ավելին, իսկ Ֆրանսիան չի հայտնել ձերբակալվածների իրական թիվը, սակայն նշել է, որ խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է, որոնք, ոստիկանության կարծիքով, ներգրավված են եղել անօրինական գործարքների և գործողությունների մեջ։ Ոստիկանությունը չի բացահայտում նաև նրանց անունները ու դերը հանցագործությունների իրականացման գործում։

Հայտնի է միայն, որ բոլոր երեք երկրներում ձերբակալվել են նաև ոստիկաններ, որոնք ներկայումս մեղադրվում են քրեական տարրերի հետ համագործակցության մեջ։ Իշխանությունները նշում են, որ ձերբակալվածների շրջանում բարձրաստիճան պաշտոնյաներ չկան։

Հուլիսի 3-ի առավոտյան դրությամբ մանրամասն զեկույց է ներկայացրել Անգլիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը։ Գերատեսչությունում նշել են, որ համատեղ գործողությունը ձգվում է 2016 թվականից և համակարգվել է Եվրոպոլի միջոցով։ Միայն Միացյալ Թագավորությունում գործողությանը մասնակցել է ավելի քան 500 մարդ։ 

Ձերբակալվածների մոտից հայտնաբերվել են կանխիկ 54 միլիոն ֆունտ (փողի տրցակները պահվել են, օրինակ, մահճակալին հարակից փոքր պահարաններում կամ էլ հագուստի պահարաններում՝ «Tesco» սուպերմարկետների ցանցի տոպրակներում), ավելի քան երկու տոննա թմրանյութ (մեկ ու կես տոննան եղել է կոկաին), էթիզոլամի 28 միլիոն հաբ, 77 միավոր զենք (այդ թվում Կալաշնիկովի ինքնաձիգ), ինչպես նաև պրեմիում դասի 55 ավտոմեքենա։

Նիդերլանդներում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է մոտ 20 միլիոն եվրո, 8 տոննա կոկաին և 1,2 տոննա մետամֆետամին։ Ֆրանսիան հայտարարել է, որ գործողության արդյունքների մասին կհայտնի ավելի ուշ։ Երկրի ազգային ժանդարմերիան հայտարարել է, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ։

Ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի սպանությունների, հարձակումների, թմրավաճառության, կողոպուտի և փողոցային հարձակումների հոդվածներով։

Գործողության իրականացումը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ոստիկանները կարողացել են կոտրել «EncroChat» հեռախոսային հավելվածը։ Հավելվածի արտադրությամբ զբաղվել է հոլանդական ընկերություններից մեկը։ Վերջինս մեսենջերը վաճառելիս նշել է, որ այն անվտանգ է արտաքին ցանկացած միջամտությունից։ Հավելվածը հասանելի է եղել միայն «Android» օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսների և «Blackberry» սարքավորումների համար։ Կես տարվա համար ծառայության արժեքը կազմել է մոտ 1500 եվրո։ Ընդ որում, կազմակերպությունը հենց ինքն է տեղադրել հավելվածը նոր հեռախոսների մեջ և վաճառել դրանք, քանի որ հենց այնպես հավելվածի ներբեռնումն անհնարին է։

Հավելվածը թաքնված է եղել։ Եթե մեկ անգամ սեղմենք հեռախոսի միացման կոճակի վրա, ապա բեռնվում է սովորական օպերացիոն համակարգը, իսկ երկու անգամ սեղմելու դեպքում սարքավորումը վերագործարկվում էր և օգտատերը հասանելիություն էր ունենում հեռախոսին։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել