Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները։ Այս համատեքստում երկուստեք նշվել է խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով հակամարտության գոտում ռիսկերի նվազեցման և կայունության ամրապնդման ուղղված գործնական քայլերի իրականացման կարևորությունը։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը և խոչընդոտում վստահության մթնոլորտի ձևավորմանը։

Միևնույն ժամանակ, վերստին ընդգծվել է բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ են նշել նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը և գործնական բնույթը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Արցախի միջազգային կապերի և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համակարգված քայլերի շուրջ։