Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց
 |armtimes.com|
21:56 - 07 հուլիսի, 2020

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 257 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 154 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 102 միլիոն 800 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:

Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 68 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 29 միլիոն 400 հազար դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 26 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 14 միլիոն դրամը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:

Ներքին Գետաշեն համայնքի ղեկավար Կարո Գեւորգյանի հավաստմամբ՝ առաջին երկու ծրագրերի շինաշխատանքների մրցույթը հայտարարված է, իսկ լուսավորության ցանցի կառուցման մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Բոլոր ծրագրերը կավարտվեն այս տարվա ընթացքում:

«Համայնքի համար կենսական նշանակության եւ մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնց արդյունքում բարելավվում են համայնքի բնակչության կենսապայմանները, զարգանում են ենթակառուցվածքները, կառուցապատվում ու բարեկարգվում ներհամայնքային փողոցները: Այս տարի կասֆալտապատենք երկրորդական նշանակության 12 փողոց՝ 4566 գծամետր ընդհանուր երկարությամբ:

Ոռոգման ներքին ցանցը կկառուցվի 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով: Համակարգը անխափան կսպասարկի շուրջ 12 թաղամասերի տնտեսությունների տնամերձերի ոռոգման ջրամատակարարումը:

Լուսավորության ցանցը կկառուցվի ծայրամասային թաղամասերում, որով եւ գրեթե ամբողջությամբ կլուսավորվի Ներքին Գետաշենը՝ Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական համայնքը:

Լուսավորության ցանցը կկառուցվի շուրջ 7 կիլոմետր երկարությամբ: Կտեղադրվի 250 լուսատու»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել