Գերմանիայում բացահայտվել է 30 000 հոգուց բաղկացած մանկապիղծների ցանց |hetq.am|
09:49 - 08 հուլիսի, 2020

Գերմանիայում բացահայտվել է 30 000 հոգուց բաղկացած մանկապիղծների ցանց |hetq.am|

hetq.am: Գերմանիայի արևմուտքում գտնվող Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում բացահայտվել է երկրի մանկապիղծների ամենամեծ ցանցը։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։ Ցանցում ներառված է եղել առնվազն 30 000 ինտերնետ օգտատեր, որոնք փոխանակվել են մանկական պոռնոգրաֆիայով և քննարկել անչափահասների նկատմամբ սեռական գործողությունները։ 

Ավելի վաղ՝ հունիսի վերջում, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողի արդարադատության նախարար Պետեր Բիզենբախը հայտարարել էր, որ հետաքննության շրջանակներում, որն իրականացվում է Բերգիշ-Գլադբախ քաղաքի երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի ուսումնասիրման շրջանակներում, ոստիկանությունը հայտնաբերել է 30 000 կասկածյալներից բաղկացած ցանց կամ, ինչպես նախարարն էր նշել, 30 հազար «հետք»։

Խոսքը չաթերի, ֆորումների, մեսենջերների խմբերի մասնակիցների մասին էր (դարքնեթում և բաց համացանցում), որոնք փոխանակվել են մանկական պոռնոգրաֆիայով և «մեկը մյուսին դրդել իրականացնել սեռական ոտնձգություններ անչափահասների նկատմամբ»։ Մասնավորապես, ցանցի մասնակիցները միմյանց խորհուրդներ են տվել, թե բռնաբարությունից առաջ ինչ հանգստացնող միջոցներ ներարկեն երեխաներին, միմյանց կոչ արել չթաքցնել իրենց սեռական ցանկությունները, պայմանավորվել երեխաների փոխանակման մասին և նույնիսկ կազմակերպել խմբակային բռնաբարություններ։ Ցանցը եղել է միջազգային, սակայն ճնշող մեծամասնությունը գերմանախոս է։

Նախարար Բիզենբախը հայտարարել է, որ «գաղափար չի ունեցել» հանցագործության իրական չափերի մասին և նշել, որ առաջիկայում 30 000 անձանցից բաղկացած ցանկը էականորեն կմեծանա։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ կասկածյալների միայն փոքր մասը, որոնք թաքնված են ծածկանունների տակ, կկանգնի դատարանի առաջ, այդ թվում նաև այն պատճառով, որ տեխնիկական սահմանափակ ռեսուրսների պատճառով ոչ բոլոր հանցանշաններն է հնարավոր պահպանել և հետազոտել։ Ներկայում հետաքննիչները կարողացել են պարզել շուրջ 72 կասկածյալի ինքնություն և փրկել 44 զոհի՝ ներառյալ երեքամսական երեխայի։

Այն, որ կասկածյալների մեծ ցանցը հայտնաբերվել է հենց 19 միլիոն բնակչություն ունեցող Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում, պատահական չէ։ Հենց այս հողի իշխանությունների համար գերակայություն է երեխաների նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարը։ 2019 թվականին պարզ էր դարձել, որ բացահայտվել է մանկապիղծների տեղական ցանց, որը կազմակերպվել էր Լյուդգե քաղաքում։ Զոհերի թվում էր հանցագործներից մեկի որդեգիր դուստրը և այլ երեխաներ։ Չնայած ոստիկանություն ներկայացված հաղորդագրությանը՝ անհայտ պատճառներով քրեական գործ չէր հարուցվել, իսկ ոստիկանությունից անհետացել էր 155 CD-ներով ճամպրուկը, որտեղ, հնարավոր է, առկա լինեին հանցագործությունների ձայնագրությունները։

Բերգիշ-Գլադբախ քաղաքում քրեական գործ է հարուցվել Գերմանիայի զինված ուժերի 26-ամյա զինծառայողի դեմ, որի գործողություններից տուժել էին զինծառայողի զարմուհին և նրա ծանոթի դուստրը, որը կիսում էր հանցագործի ցանկությունները։ Խմբակային չաթում նա նույնիսկ մյուս օգտատերերին առաջարկել էր իր զարմուհուն։ Չնայած ծանրակշիռ մեղադրանքներին՝ քրեական գործի հարուցումից հետո, հինգ ամսվա ընթացքում, զինծառայողը չի ձերբակալվել (նույնիսկ չի խուզարկվել նրա բնակարանը)։ Մայիսին զինվորականը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, որը կանցկացնի փակ հոգեբուժական հաստատությունում, որտեղից կարող է դուրս գալ, երբ «այլևս վտանգ չի ներկայացնի հանրությանը»։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել