Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին
14:21 - 08 հուլիսի, 2020

Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանավանում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին Ստեփանավանում արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։ Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։

Ոստիկանության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել։ Այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց՝ շարունակելով դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ։

Տարածք հրավիրված օժանդակ ուժերի օգնությամբ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Տղամարդը ձերբակալվել է։ Ի դեպ, նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։

Քաղաքացիներին ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ոչ միայն հակահամաճարակային անվտանգության կանոնները, այլև կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն, ինչը հանգեցնում է քրեական պատասխանատվության։

Ստորեւ՝ ոստիկանության եւ քաղաքացու տեսանյութերը.


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել