Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր
15:56 - 08 հուլիսի, 2020

Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից Տնտեսական մրցակցության արդիական խնդիրներ և մարտահրավերներ թեմայով կազմակերպված վեբինար-քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ հանձնաժողովի փորձագետներ, եվրոպական երկրների բիզնես հանրության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Վեբինարի ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկաներում բնականոն մրցակցության վրա Covid-19-ի ազդեցության, գործարարական հարաբերություններում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր:

Իր խոսքում Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդգծել է քննարկվող հարցերի արդիականությունը՝ հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսի համավարակը ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում հասարակության առողջության վրա, այլև մարտահրավեր է նետում բիզնեսին, տնտեսությանը, ինչպես նաև տնտեսական մրցակցությանը՝ ստիպելով որդեգրել նոր մոտեցումներ և նոր կանոններ։

«Համավարակի ողջ ընթացքում աշխատելով արտակարգ ռեժիմով՝ մենք փորձում ենք շուկայում ապահովել կայունություն, տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ տնտեսական մրցակցության օրենսդրության խախտման դրսևորումներից և վերահսկողություն ենք իրականացնում դրանց պահպանման նկատմամբ»,- մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը:

Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության փոփոխությունների շրջանառվող նախագծին և այլ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել