Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է |armtimes.com|
16:13 - 08 հուլիսի, 2020

Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է |armtimes.com|

armtimes.com: Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն բաղկացած է 5 փաթեթներից եւ պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով։ Երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, պատգամավորներից շատերը անդրադարձան օրինագծի հրատապության պատճառներին։ Ըստ նրանց՝ անհասկանալի է օրինագծի հրատապությունը։ Նրանցից մի քանիսը շեշտեց նաեւ, որ այն բավականին ծավալուն է, եւ որ չեն կարող նույնսիկ հասկանալ, թե ինչպես քվեարկել։

Պատգամավորներից մի քանիսը հայտնեցին նաեւ, որ չեն կարող ամբողջությամբ ուսումնասիրել օրենքի նախագիծը, քանի որ միայն տեղեկանքը բաղկացած է 50 էջից, իսկ իրենք օրակարգին ծանոթացել են երեկ երեկոյան։

Շուշանյանն իր ելույթում փորձեց անդրադառնալ մի քանի կարեւոր կետերի, սակայն ժամանակը չհերիքեց՝ ներկայացնելու ամբողջ փաթեթը։ Այնուամենայնիվ, փոխնախարարը հայտնեց, որ օրինագիծը ոլորտի զարգացման, ռեֆորմի համար կարեւոր նշանակություն ունի։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված եւ հաստատված չեն վերջին՝ մետաղականի համար 5 տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ 10 տարվա ընթացքում։

Մյուս փոփոխությամբ նաեւ հանքավայրերը չտրոհելու մասով ռազմավարական քայլ է արվում։ Ինչպես նշեց Շուշանյանը, դրանք տրվելու են ամբողջ պաշարով։ Սա արվում է նրա համար, որ հանքավայրերը չմասնատվեն մի շարք տնտեսվարողների միջեւ, քանի որ դրանով խախտվում է ամբողջ համակարգը։

Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է նախագիծը քննարկվում 24-ժամյա ռեժիմով, Շուշանյանը հայտնեց, որ համակարծիք է. նման լուրջ նախագծերը պետք է ավելի ընդգրկուն քննարկվեին։ Այնուամենայնիվ, նա պարզաբանեց, որ կան մի շարք հարցեր, որոնք ժամկետի առումով խնդիր ունեն։ Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ փորձաքննության կարգը հաստատելու համար անհրաժեշտ են այս փոփոխությունները ավելի վաղ։ Նա նաեւ հայտնեց, որ այսօր տնտեսվարողներն առաջարկել են պատրաստի փաթեթներ, սակայն չեն կարող դրանք առաջ տանել, քանի որ կան օրենսդրական այս բացերը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդնայնն իր ելույթում խոսեց նախագծի կարեւորության մասին։ Ըստ նրա՝ նախգծով փորձ է արվում արդիականացնել այն մեխանիզմները, որոնք դրված են հանքի շահագործման բնագավառում։ Նա անդրադարձավ նաեւ հրատապության թեմայով քննարկումներին եւ նշեց, որ հրատապության հարցը վերապահված է ԱԺ խորհրդին։ «Խորհուրդը քննարկել է այս հարցը, կայացրել որոշում, ընդ որում, Խորհրդին ներկա էին բոլոր հանձնաժողովների նախագահները։ Նրանք կարող էին հայտնել իրենց դիրքորոշումները»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում հարցը քննարկվելու է հանձնաժողովում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել