Հս. Մակեդոնիայի, Ուկրաինայի և Բուլղարիայի քաղաքացիները ստեղծել են ՀՀ սահմանն ապօրինի հատելու մեխանիզմ
16:43 - 08 հուլիսի, 2020

Հս. Մակեդոնիայի, Ուկրաինայի և Բուլղարիայի քաղաքացիները ստեղծել են ՀՀ սահմանն ապօրինի հատելու մեխանիզմ

Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ․ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալների հիման վրա գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ  պարզվել և հիմնավորվել է, որ վերոնշյալ քրեական գործով քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավված՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության (ՀՍՀ) քաղաքացի Բ․Դ-ն, տեղեկացված լինելով իր սահմանահատումների արգելքի մասին և գիտակցելով նշված պայմաններում իր անձնագրով սահմանը հատելու անհնարինությունը, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների հետ, 2019թ. սեպտեմբերին ստեղծել են կազմակերպված խումբ, ովքեր իրականացրել են Բ․ Դ․-ի կողմից խմբի անդամ, ՀՄՀ քաղաքացի Զ․ Ս․-ի անձնագիրն ապօրինի օգտագործելու եղանակով պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մասին ասվում է դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Նախ՝ իրենց գործողությունները քողարկելու և իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով Երևանում նախատեսված ԵԸՄ գագաթնաժողովի անցկացման օրը՝ 2019թ. հոկտեմբերի 1-ը,  ընտրվել է որպես Բ․ Դ․-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու բարենպաստ օր՝ օգտագործելով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով տարբեր պետությունների պատվիրակությունների՝ Հայաստան ժամանելու և մեկնելու հանգամանքներով պայմանավորված օդանավակայանում ծառայություն իրականացնող սահմանապահ զորքերի ծառայողների ծանրաբեռնվածությունը։ 

Այնուհետև, Բ․ Դ․-ն, շահագործելով իր նախկին աշխատակցի վստահությունը՝ օգտագործել է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ նրա ունեցած կապերը, և խմբի մի քանի այլ անդամների ներկայացրել է, իբր, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպության անդամների։

Վերջիններիս կողմից, իբր, Հայաստանում ծրագրեր իրականացնելու պատրանք ստեղծելու, նրանց  համար այլուրեքություն ստեղծելու նպատակով, իր նախկին աշխատակցուհուն խնդրել է 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում  կազմակերպել նրանց ու Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Այդ պատրվակով կազմակերպված խմբի անդամները, այդ թվում նաև Զ․Ս․-ն, ժամանել են Երևան, որպես իրենց այլուրեքության (ալիբի) ապահովում, հանդիպել աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ապա կազմակերպված խմբի անդամենից 4-ը, այդ թվում Բ․ Դ․-ն՝ Զ․Ս․-ի անձնագրով, վերադառնում են «Զվարթնոց» օդանավակայան և մեկնում Հայաստանից: 

Նախաքննությամբ պարզվել է, որ«Զվարթնոց» օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահի փաստաթղթերի ստուգման անցակետի վերակարգում ներգրավված, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, ենթասպա, Գ․Գ․-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ Հայաստանից ելքի իրավունք տվող՝ Զ․ Ս․-ի անվամբ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը չի նույնականացրել այն ապօրինի իրացնող Բ․ Դ․-ի անձի հետ, չի պարզել ներկայացվող փաստաթղթի պատկանելիությունն ու վավերականությունը, փաստաթղթերի ստուգման միջոցով չի բացահայտել անձի ինքնությունը: Եվ ապօրինի իրացված անձնագիրը վերցնելու փոխարեն այդ անձնագրում ելքի թույլտվության կնիք է դրել և հաստատել Հայաստանի պետական սահմանը հատելու իրավունքը:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, Բ.Դ․-ի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելը վերջնականապես իրագործելուց հետո, կազմակերպված խմբի անդամները ձեռնամուխ են եղել Զ․ Ս․-ի վերադարձը կազմակերպելու նախապես ծրագրավորած գործընթացին: Այդ նպատակով խմբի անդամներից մեկը 2019թ. հոկտեմբերի 5-ին ժամանում է ՀՀ,  Զ․ Ս․-ին փոխանցում նրա անձնագիրը  և վերադառնում։ 

Զ․ Ս․-ն, ձեռք բերելով ավիատոմս, Հայաստանից մեկնելու նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ին ուղևորվում է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն մտադրությունն իրականացնել չի հաջողվում, քանի որ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվում է Զ․ Ս․-ի անձնագրում Հայաստան մուտքի կնիքի բացակայությունը, արգելվում նրա սահմանահատումը, և վերջինս ձերբակալվում է։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՍՀ քաղաքացի Զ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչԳ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործից այս դրվագով մասն անջատվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ։ 

Գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել