ԱԺ-ն ընդունեց քննարկված օրենքների բոլոր նախագծերը, որոշ նախագծերի երկրորդ ընթերցումը կշարունակվի վաղը |armtimes.com|
18:33 - 08 հուլիսի, 2020

ԱԺ-ն ընդունեց քննարկված օրենքների բոլոր նախագծերը, որոշ նախագծերի երկրորդ ընթերցումը կշարունակվի վաղը |armtimes.com|

armtimes.com: Պատգամավորներն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 113 կողմ ձայներով։

Նախագծի հեղինկաներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Արտակ Մանուկյանն օրենքի այս նախագծով առաջարկել են օրենքի մի կետ շարադրել նոր խմբագրությամբ։ Ըստ այդ կետի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջեւ ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ՝ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները եւ իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում են եւ իրականացվում ՀՀ դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Իսկ սահմանված այդ դեպքերն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրված արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների վճարումները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների գծով վճարումները (փոխանցումները), ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) կարող են իրականացվել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի:

Մանուկյանը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտ տվյալ օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից մեկը, որն ուզում է ՀՀ-ում արժեթղթերի մեջ ներդրում անել, միայն այն պատճառով, որ իր եկամուտը ստանալու է բացառապես ՀՀ դրամով, կարող է հրաժարվել այդ գաղափարից։ Պատգամավորի համոզմամբ՝ սա այլ հավասար պայմաններում մեծացնում է հավանականությունը, որ ներդնողը չի ընտրի ՀՀ-ն։

ԱԺ-ում ընգրկված բոլոր հարցերը քննարկվեցին, իսկ մի քանի նախագծեր, որոնք պետք է քվեարկվեն 24-ժամյա ռեժիմով, պատգամավորները կքննարկեն վաղը՝ ժամը 11։00-ից սկսած։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել