Հայաստանը չի ֆինանսավորել ֆրանսիացի բժիշկների այցը. Hraparak.am տարածում է կեղծ լուրեր

 |fip.am|
22:00 - 08 հուլիսի, 2020

Հայաստանը չի ֆինանսավորել ֆրանսիացի բժիշկների այցը. Hraparak.am տարածում է կեղծ լուրեր |fip.am|

fip.am: Hraparak.am-ը, հղում անելով ֆրանսիական France Arménie ամսագրին, հուլիսի 8-ին գրել էր, որ ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել։ 

Կայքը գրել էր, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ էր հրավիրել Հայաստան, վճարել նրանց այդ «հումանիտար օգնության» դիմաց՝ չհամաձայնեցնելով դա Ֆրանսիայի կառավարության հետ։ 

Ըստ հրապարակման՝ այցը կազմակերպվել էր Հայաստանում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում։ Իսկ Հայաստան ժամանած 7 բժիշկներից 5-ը կորոնավիրուս երբևէ չէին բուժել, և նրանք որևէ կերպ չէին կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ «Այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղևորության և 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին»,- գրել էր կայքը:

Հոդվածը տարածել էին մի շարք լրատվամիջոցներ՝ news.am-ը, hayeli.am-ը, zham.am-ը, «կեղծիքներ բացահայտող» antifake.am-ը և այլ կայքեր։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք ֆրանսիացի բժիշկների այցն իսկապես հայկական կողմն էր ֆինանսավորել, և արդյո՞ք ֆրանսիացի բժիկները կորոնավիրուսի դեմ պայքարելու փորձ չունեին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու նպատակով Ֆրանսիայից Երևան է ժամանել բժիշկների 2 խումբ՝ հունիսի 14-ին և հունիսի 23-ին

Հայաստանի կառավարությունը ֆինանսական որևէ ներգրավվածություն չի ունեցել, բժիշկներն աշխատավարձ չեն ստացել

Ի պատասխան Fip.am-ի հարցմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հաստատում են, որ իրենք մասնակցել են ֆրանսիացի բժիշկների այցերի կազմակերպմանը: Ըստ գրասենյակի, սակայն, միջազգային առաքելությունների ֆիանասավորումը կատարվել է բացառապես միջազգային գործընկերների կողմից, և Հայաստանի կառավարությունը ֆինանսական որևէ ներգրավվածություն չի ունեցել այս գործընթացում: 

Առաջին խմբի այցը հովանավորվել է USAID-ի, 2-րդինը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից, որոնք և հոգացել են ինչպես ժամանման և մեկնման, այնպես էլ ընթացիկ ծախսերը: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից նաև հերքում են այն տեղեկությունը, թե այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո։ «Վերոնշյալ թիվը իրականությանը չի համապատասխանում, բժիշկները աշխատավարձ չեն ստացել»,- գրված է պատասխանում:

Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել բժիշկների այցից

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ առաջին խմբի ժամանման պարագայում Հայասանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը եղել են տեղեկացված, ունեցել են անմիջական ներգրավվածություն, օդանավակայանում դիմավորել են բժիշկներին:

Երկրորդ խմբին օդանավակայանում դարձյալ դիմավորել է դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նշենք նաև, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հունիսի 26-ին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր արել՝ նշելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի բուժաշխատողներին, որոնց այցը ֆինանսավորվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից։

Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասվում էր. «Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, որոնք իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում»:

Թիմի մեջ չէին կարող լինել մարդիկ, որոնք առնչություն չէին ունեցել կորոնավիրուսի հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ բժիշկների ժամանումը կազմակերպվել է Առողջապահության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ:

«Արմենպրեսի» հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերքել է այն պնդումը, թե Հայաստան ժամանած բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում փորձ չունեն։

«Առաջին թիմը ղեկավարում էր պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնը, որը բնագավառի ամենահարգված մասնագետներից է, երկրորդ թիմի ղեկավարը պրոֆեսոր Լորան Փափազյանն է, որը լավագույն մասնագետն է Ֆրանսիայում։ Նրանք են հավաքել իրենց թիմերը։ Թիմի մեջ չէին կարող լինել մարդիկ, որոնք առնչություն չէին ունեցել կորոնավիրուսի հետ, հետևաբար՝ հոդվածն անհեթեթ է և հիմնած է ստերի վրա»,- նշել է Սինանյանը։

Այսպիսով, Hraparak.am-ի հոդվածի համար հիմք հանդիսացած ֆրանսիական France Arménie ամսագրի հրապարկումը, ըստ որի՝ ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել և բժիշկների ծախսերը հոգացել է հայկական կողմը, չի համապատասխանում իրականությանը:

Նելլի Լազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել