Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել |armtimes.com|
09:14 - 09 հուլիսի, 2020

Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար՝ ՀՀ ՔՕ-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նրա պաշտպաններից Էմին Բեգլարյանն ասաց, որ Ասատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ:

Պաշտպանի խոսքով՝ Վանիկ Ասատրյանն ի սկզբանե հրավիրվել է որպես մեղադրյալ հարցաքննության, ներկայացել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել հուլիսի 3-ին, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ կալանավորելու որոշում կայացնելով, հաստատված է համարել հիմնավոր կասկածն առ այն, որ Ասատրյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին՝ միաժամանակ հաստատված համարելով կալանավորման՝ քննիչի կողմից ներկայացված հիմքերից միայն մեկը: Թե կոնկրետ որ հիմքի մասին է խոսքը, պաշտպանը չցանկացավ բացահայտել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով, սակայն նշեց, որ իրենց գնահատմամբ՝ կայացվել է անհիմն դատական ակտ: Դրա դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Մեղադրանքի առաջադրումից առաջ՝ դեռ հունիսի 26-ին, Վանիկ Ասատրյանի բնակարանում խուզարկություն է կատարվել, ինչը եւս պաշտպանն անօրինական է որակում. ըստ նրա՝ տեղի է ունեցել  դատավարական կարգի կոպիտ խախտում. «Խուզարկության թույլտվության մասին դատարանի որոշման մեջ նշված է եղել մի հասցե, սակայն խուզարկությունն իրականացվել է այլ հասցեում. տվյալ պարագայում մենք դա հավասարեցնում ենք առանց դատարանի որոշման խուզարկությանը»: Որոշման մեջ նշված հասցեն, ըստ պաշտպանի, որեւէ կերպ չի առնչվում Վանիկ Ասատրյանի հետ. «Մենք հարցում ենք արել քաղաքապետարան եւ նման բովանդակությամբ տեղեկանք ունենք,  նա երբեք այնտեղ չի բնակվել, ենթադրում ենք՝ այլ անձին պատկանող տուն է»: Խուզարկության արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, սակայն դրանց բովանդակությունը եւս պաշտպանը չցանկացավ մանրամասնել, միայն պնդեց՝ ապօրինի քննչական գործողության միջոցով ձեռք բերված ապացույցները որեւէ կերպ չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ դա անթույլատրելի է Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի ուժով. «Ամեն դեպքում, մեր կարծիքով՝ նույնիսկ այդ փաստաթղթերը որեւէ առնչություն չեն կարող ունենալ մեղադրանքի հետ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ Վանիկ Ասատրյանն առերեսվե՞լ է այս գործով մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի կամ Աբրահամ Մանուկյանի հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ առերես հարցաքննություն առհասարակ տեղի չի ունեցել, թեպետ եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ. «Մենք միջնորդել էինք, որ գործով անցնող անձանցից մեկի հետ առերեսում կատարվեր, ինչը չի իրականացվել, չնայած, որ մեզ շաբաթ օրը՝ առավոտյան, հրավիրեցին ԱԱԾ, մենք գնացինք, 6 ժամ սպասեցինք, հետո քննիչը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ հարցաքննությունը տեղի չի ունենալու»: Ըստ Էմին Բեգլարյանի՝ պատճառն իրենց համար անհասկանալի է, քննիչը չի պարզաբանել, եւ իրենք կարող են ենթադրել, որ եթե առերեսումը տեղի չունեցավ, ապա երկու անձանց ցուցմունքների հակասությունը վերացել է: Հարցին՝ ո՞վ է անձը, որ ցուցմունք է տվել Ասատրանի դեմ, պաշտպանը պատասխանեց, որ նա հանրությանը հայտնի մարդ չէ եւ գործով վկայի կարգավիճակ է ունեցել. այս պահին դա փոխվել է թե ոչ՝ իրեն հայտնի չէ. «Նույնիսկ կալանավորման հարցի քննության ժամանակ ես դատարանին միջնորդեցի, որ քննիչից պահանջի եւ գործի նյութերին կցի այդ անձի կողմից ենթադրաբար տրված նոր ցուցմունքի արձանագրության պատճենը, դատարանը պահանջեց, սակայն քննիչը հրաժարվեց՝ ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ըստ իս՝ եթե այդ երկրորդ ցուցմունքով եւս մեր դեմ որեւէ հանգամանք հաստատվեր, քննիչը դա եւս կներկայացներ, քանի որ կամրապնդեր իր միջնորդությունը, բայց քանի որ չներկայացրեց, կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ այլ բովանդակությամբ է եղել, որը ձեռնտու չի եղել իրենց»,- ասաց պաշտպանը:

Վերջինս համաձայն չէ նաեւ դատախազության այն պնդմանը, որ այս գործի նախաքննությունը կարող է իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Ըստ նրա՝ դա ուղղակիորեն հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգավորումներին. այն սահմանում է, թե որ տեսակի քրեական գործերը նախաքննական որ մարմնի կողմից պետք է քննվեն: Տվյալ դեպքում նախաքննությունը, ըստ պաշտպանի, պետք է իրականացներ Հատուկ քննչական ծառայությունը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել