Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է ծավալվել, միայն երեվա դրությամբ մեկ օրվա տվյալներով աշխարհում գրանցվել են  100․000 նոր դեպքեր , իսկ ընդհանուր թիվը գերազանցել է 12 միլիոնը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Երկրները, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել էին կորոնավիրուսի համաճարակը վերադառնում են ցավոք համաճարաակի ամենաակտիվ փուլ։ Ուզում եմ ընդգծել, որ երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել։ Սա, ըստ էության այն է, ինչ մասին մենք նախորդ շաբաթ հայտարարել էինք՝ հիմնվելով գիտական նոր տվյալների վրա և այս առումով էր հատկապես կարևորվում դիմակների կրումը՝ այդ թվում բաց տարածքներում։

Ուզում եմ ասել, որ Հայաստանում նույնպես  շարունակում է ծավալվել համաճարակը, երեկ՝ 526 դեպք ենք ունեցել, կորոնավիրուսից  մեր մահերի թիվը ցավոք հասել է արդեն 535-ի, և ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով։ Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան նոր դեպքերի թիվը զրոյացնել կամ մոտեցնել զրոյի ։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ երեկ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ է մտցրել դիմակի կրման կաննոների մեջ՝ մասնավորապես մի շարք հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել։ Երեկվանից այս որոշումը լայն քննարկման առարկա է դարձել, կան կարծիքներ, որ քաղաքացիները  այդ որոշումից օգտվելով զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց։

Պարոն Ավինյան, կխնդրեմ կրկին պարզաբանել, որ դա պետք է հիմնավորված լինի փաստաթղթով՝ բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել, հակառակ դեպքում ոստիկանությունը պետք է կիրառի սահմանված  տուգանքները։ 
Ընդ որում, տուգանքների հետ կապված էլ հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել։ Այո՛, մենք ասում ենք , որ այդ թվում ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը և այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու։ Անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ , մեր նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ  այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի քաղաքացիները, որոնց մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը՝ նաև նրանց կարողանանք քաջալերել դիմակներ կրել, որովհետև ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»։