Ես կարծում եմ , որ բացի մեզնից մնացած բոլորը ակնկալիքներ ունեին։ Մենք որևէ ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի և ակնկալիք էլ չունենք, որ ՄԻԵԴ-ի այս որոշման հետ կապված որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԻԵԴ-ի երեկ կայացրած որոշմանը, ըստ որի՝ մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու և սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին: Սիմոնյանն իր խոսքում նշեց․

«Որերրորդ անգամն է, երբ գնում են տարբեր տեղերից, դրսից, մեզ վրա «տղա բերելու» տրամաբանությամբ՝  լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացում և չի էլ ստացվում»։

Հարցին, թե արդյո՞ք  Թովմասյանը գնում է այդ ճանապարհով, ԱԺ փոխխոսնակն ասաց․

«Ես կարծում եմ, որ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենար իր հարցազրույցի ժամանակ լույսերն անջատել, որպեսզի ես չկարողանամ հարցազրույց տալ, ապա նա դա կանի, ինքը դրա փորձն ունի։ Վստատ  եմ, որ նա ամեն ինչ կանի, որպեսզի կառչած մնա այդ աթոռից։»

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին և հարցին, թե արդյո՞ք  նոր դատավորների թեկնածուներ կան, թե՞ ոչ՝  Սիմոնյանն ասաց, որ  մամուլում զետեղված անունների 99 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը ։

«Այո՛, նոր դատավորների թեկնածուներ առաջարկելու հարցը քննարկվում է տարբեր հարթակներում, բայց պետք է սպասենք տեսնենք կառավարությունը, նախագահը և ԲԴԽ-ն ինչ թեկնածու կառաջադրեն։ Մամուլում շրջանառվող  այդ անունների 99 տոկոսի մասին իմանում ենք մամուլից։ Չեմ կարծում, որ նրանք  կարող են ռեալ թեկնածուներ լինել»,- նշեց պատգամավորը։

Խոսելով ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին Սիմոնյանը նշեց, որ ծառայողական մեքենանների 60 տոկոսը կրճատվել է՝ տարբեր գերատեսչությունների կողմից։

«ԱԺ ծախսերը կրկին ահռելի մեծ քանակով կրճատվել են՝ մոտ 40-60 տոկոս։ Այն, որ ամեն ամիս որոշ լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում գրել, թե ինչպես են պատգամավորները 100-200 հազար դրամ պարգևավճար ստացել, հետո գումարում են իրար վերնագիր ստանում, այդտեղ, չգիտես ինչու մոռանում են այն ահռելի ծախսերի մասին, որոնք ԱԺ-ն վերադարձնում է պետական բյուջե, որոնք ԱԺ-ն խնայում է։ Այո, դա անհրաժեշտություն է, որովհետև շատ հաճախ կարիք է լինում մի տեղից մյուս տեղը գնալ շատ արագ։ Դա որոշ պետական այրերի համար, կարգավիճակից բխող բան է, որը հեշտացնում է,  ավելի մոբիլ է դարձնում  աշխատանքը։ Ես ուրախ եմ, որ մենք սա ենք թեմա սարքում չենք քննարկում այն, որ Ալեն Սիմոնյանը ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունի։ Մեր օրերում նման քննարկումներ չկան։ Թող սա լինի այսօրվա Հայաստանի խնդիրը»,- եզրափակեց Սիմոնյանը։