armenpress.am: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե ինչպես են ՀՀ կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը բանակցում կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, եթե պատվաստանյութ դեռևս չկա:

«Ուզում եմ պարզաբանել, քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստվանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում և կան երկրներ, որոնք գնում են իրականացրել, այսինքն՝ գումար են փոխանցել և ապագա պատվաստանյութն ահռելի քանակությամբ ձեռք են բերել, ինչը մտավախություն է առաջացնում, որ խմբաքանակները կհայտնվեն մի քանի երկրների ձեռքում», - ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ընդգծեց, որ իրականում, պատվաստանյութ կա և կան բազմաթիվ պատվաստանյութեր: «Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ընկերություններ կան, որ տասնյակ հազարներով դրանք արտադրել են և միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է խոսքը և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատվածը լինելու է ոչ մեկը, այլ՝ մի քանիսը», - ասաց նախարարը: 

Արսեն Թորոսյանը նշեց, որ ներկայում տարբեր երկրների կլինիկաներում պատվաստանյութերի փորձարկումներ են իրականացվում: