hetq.am: Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում ստեղծել առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում։

Նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին:

Առողջապահության նախարարի խոսքով՝ այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով։

«Այսպիսի կամ նմանատիպ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում համակարգի կենտրոնացված կառավարման, որն ավելի օպերատիվ է, ավելի համահունչ իրավիճակին, քան «խաղաղ պայմաններում» գործող իրավակարգավորումները, երբ առաջնորդվում ենք գործող իրավական ակտերով։ Ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ կարգավորում կա նաև «Ռազմական դրության մասին» օրենքում, որն ընդունվել է անցյալ տարի։ Ըստ էության, իրավիճակների նման լինելը մեզ դրդել է գնալ նման փոփոխությունների»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Ի պատասխան այն մտահոգությունների, որ տեղի է ունենալու ամբողջ համակարգի միանձնյա կառավարում՝ նախարարը հայտնեց, որ կառավարման լիազորություններն անցնելու ծավալները և շրջանակները որոշվելու են ամեն կոնկրետ դեպքում և իրավիճակին համահունչ։

«Իրավիճակից դրդված է որոշվելու, թե, օրինակ, որ հիվանդանոցները ինչ չափի, ինչ կառավարման լիազորությունների շրջանակներում կամ այլ բժշկական հաստատությունները ինչպես են տեղավորվելու այս լիազորությունների շրջանակներում։ Երկրորդ կարևոր հանգամանքը անձնակազմի ընդգրկման պարտադիր լինելն է, որովհետև պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային, պետք է կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել արտակարգ դրությունում»,- ասաց Արսեն Թորոսյանը։