armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանը`դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը:

Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Հրանտ Անանյանը:

Վերջինիս գրառումը`ստորեւ.

«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»,- գրել է նա:

Աբրահամ Մանուկյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հունիսի 27-ին բավարարել էր նրան կալանավորելու մասին՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Մանուկյանը տեղափոխվել էր «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: