«Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում»
15:19 - 10 հուլիսի, 2020

«Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում:

Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:

Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն:

Տարրական դպրոց
սովորողը պետք է՝

  • ճանաչի իր հայրենիքը, ունենա նախնական գիտելիքներ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

  • ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և իմանա պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.

  • ճանաչի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության նշանակալի օբյեկտները, հոգատար վերաբերմունք ցուցաբերի դրանց հանդեպ.

Հիմնական դպրոց
սովորողը պետք է՝

  • քննարկի Հայաստանի հիմնախնդիրները՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.

  • ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.

Ավագ դպրոց
սովորողը պետք է՝

  • վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.

  • վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.

  • դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.

  • իմանա հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.

  • գիտակցի, որ ինքը հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ է և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում:

Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել