«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը
15:44 - 10 հուլիսի, 2020

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է հաստատել ֆոնդի հետ՝ պատրաստակամություն հայտնելու օժանդակել նրանց կողմից կազմակեպված դրամահավաքի արդյունքում փոքր ու միջին ձեռներեցության թիրախային աջակցությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է խմբի նախաձեռնությունը և հավաստիացրել, որ իր թիմը պատրաստակամ է աջակցելու ֆոնդին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու գործում։ Նախարարը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաև աջակցության գործիքակազմը։ Նախարարը նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսվարող։ Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման և կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարևորություն ունի լիարժեք տեղեկավածությունը, և նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու և այլ հարցերում։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հետագա համագործակցությունը կհամակարգի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն։

Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին աջակցության պատրաստակամության համար և ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ իրենք մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։ Նա կարևորել է ուժերի մոբիլիզացումը աջակցության մեծ ծավալների հասնելու գործում։

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին միացել է նաև Քիմ Քարդաշյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել