«Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում կորոնավիրուսի համավարակը դեռևս բարձր մակարդակի վրա է, և հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի պահպանեք առողջության բոլոր հնարավոր պաշտպանական նախապայմանները»,- այսօր Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում դիմելով արցախցիներին՝ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ է այցելում Արցախ. «Հանդիպել եմ Արցախի Հանրապետության նոր ղեկավարներին Երևանում, սակայն այսօր այստեղ եմ՝ շնորհավորելու նորընտիր նախագահին և, միաժամանակ, արցախահայությանն, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ շատ բարձր մակարդակով անցկացրած խորհրդարանական և նախագահական ընտրությունների առթիվ, նաև նրանց, ովքեր, մասնակցելով ընտրություններին, չեն հաղթել, սակայն մասնակցությամբ նույնպես ցույց են տվել, որ Արցախը ժողովրդավարական և ազատ երկիր է և կարող է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնել»:

Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում ունեցած հանդիպումները շատ օգտակար է համարել՝ նշելով, որ քննարկումների առանցքում միասնականության գաղափարն էր: «Արցախն ընտրություններից հետո միասնականության օրինակ է ցույց տալիս այն առումով, որ տարբեր քաղաքական ուժեր միավորվել են նույն կառավարության մեջ և ծառայելու են իրենց հայրենիքին, մեր հայրենիքին՝ Արցախի Հանրապետությանը,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: -Խոսեցինք նաև զարգացման տարբեր ուղղությունների մասին: Կարծում եմ՝ Արցախն ապագայի համար մեկ ընտրություն ունի, և այդ ընտրությունը հզոր պետություն լինելն ու մնալն է: Արցախի հիմնահարցն ուրիշ լուծում չունի, բացի հզոր Արցախից, և հզոր Արցախն, ունի չորս հիմնական սյուներ:

Առաջինն արցախահայության հայրենասիրությունն ու կամքն է, որն իր հետևից տանում է նաև ողջ հայության՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հայրենասիրությունը և նվիրումն Արցախին ու Արցախի արդար դատին:

Երկրորդ սյունը, կարծում եմ, բանակն է: Արցախն ունեցել է և այսօր էլ ունի հաղթական բանակ, և ամեն ինչ պետք է անենք, որ այդ բանակը մնա հիմնական սյուներից մեկը:

Երրորդ սյունն Արցախի տնտեսությունն է. հզոր Արցախը պետք է հզոր տնտեսություն ունենա, և այդ տնտեսության առանցքը գյուղատնտեսությունն է: Այս մասին մանրամասն ու գործնական քննարկում ունեցանք Արցախի նախագահի հետ, թե ինչպես Հայաստանի Հանրապետության նախագահը և իր գործընկերները կարող են օգտակար լինել և օգնել Արցախին, որպեսզի զարգանա երկրի տնտեսությունը:

Չորրորդ սյունը ժողովրդագրությունն է: Արցախը պետություն է, որը կարող է 2-3 անգամ ավելի շատ բնակչություն ունենալ, հետևաբար՝ մի քանի անգամ ավելի մեծ տնտեսություն, հետևաբար՝ ավելի մեծ բանակ»:

Նախագահ Սարգսյանն Արցախ այցը շատ արդյունավետ է համարել՝ նշելով. «Ուզում եմ վստահ լինեք, որ և՛ Հայաստանի նախագահը, և՛ վարչապետը, և՛ կառավարությունը, բոլորս Արցախի կողքին ենք, և ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը շարունակի զարգանալ որպես ազատ, ժողովրդավար, հզոր երկիր»: