Առաջարկվում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել |hetq.am|
19:19 - 11 հուլիսի, 2020

Առաջարկվում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը նախատեսում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել։

Մասնավորապես, առաջարկվում է պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամին եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները հրապարակելիս որպես բացառություն նախատեսել բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և հատուցումը վճարող կազմակերպության անվանման կամ ֆիզիկական անձի անուն, ազգանունի, հայրանվան համար:

Նման որոշման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունը ընդգծել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան իրավանորմերի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից:

Արդարադատության նախարարությունը որոշման նախագծում նշել է, որ հայտարարագրում հրապարակման (տրամադրման) համար նախատեսված տվյալների ցանկում հրապարակման է ենթակա նաև եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անունը, ազգանունը կամ հայրանունը։

Վերջինից բխում է, որ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում վճարող կազմակերպության անվանումը ևս հրապարակման ենթակա տվյալ է:

«Միևնույն ժամանակ, հանձնված, վերադարձված փոխառության, այդ թվում՝ բանկային ավանդի գործարքի մյուս կողմի՝ պարտապանի տվյալները՝ անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, որոշմամբ պաշտպանված են և ենթակա չեն հրապարակման: Ուստի, միասնական մոտեցման ապահովման տեսանկյունից կարծում ենք՝ անհրաժեշտ է փոփոխել վերոնշյալ կարգավորումը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ գործող կարգավորումների համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանքի անդամների դեպքում բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: Ուստի, այս պարագայում ևս կարևորվում է վերոգրյալ տվյալների պաշտպանությունը»,-հայտնել է արդարադատության նախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել