ՀՀ սահմանին ուղղված գործողություններով Ադրբեջանը փորձում է ներքին խնդիր լուծել.Ալեքսանդր Իսկանդարյան |armenpress.am|
10:36 - 13 հուլիսի, 2020

ՀՀ սահմանին ուղղված գործողություններով Ադրբեջանը փորձում է ներքին խնդիր լուծել.Ալեքսանդր Իսկանդարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի գործողություններն այնպիսի բնույթ չունեն, որ սպասենք հետագայում լուրջ զարգացումների: Այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ կատարած սադրիչ գործողությունները:

«Նման գործողությունների հաջողությունները սովորաբար երևում են առաջին մի քանի ժամում: Մենք տեսանք, որ Հայաստանի զինվաժ ուժերին հնարավոր չեղավ հանկարծակիի բերել: Սա խոսում է Հայաստանի զինված ուժերի պատրաստվածության մասին»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս փուլում Ադրբեջանը նման գործողություններով փորձում է ներքին, տեղական խնդիր լուծել: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Ադրբեջանում ներքին զարգացումները շատ դժվար է վերլուծելը, որովհետև այնտեղ մամուլի նկատմամբ բոլորվին այլ մոտեցումներ են, փաստացի սահմանափակումներ կան:

« Շատ դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, սակայն եղած տեղեկություններով կարող ենք ասել, որ Ադրբեջանի քաղաքական էլիտայում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում ՝ կապված, թե արտաքին գործերի, թե պաշտպանության նախարարների հետ: Դրանից բացի Արդբեջանում շատ լուրջ տնտեսական ու համաճարակային իրավիճակ է, դրան զուգահեռ առկա է սոցիալական դժգոհություն»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սահմանին նման գործողություններով իշխանությունները կարող են աշխատել ուժերը կոնսոլիդացնելու համար: Մյուս կողմից, հնարավոր է Ադրբեջանի էլիտային վախեցրել է առավել լուրջ խնդիրների բախվելու հավանականությունը:

«Չեմ կարծում, որ Ադրբեջանի գործողություններն ուղիղ կապ ունեն վերջին մեկ, երկու ամսվա ընթացքում տարբեր մակարդակներով արված ռազմատենչ հայտարարությունների հետ:  Այդ հայտարարությունները մշտապես են եղել, վերջին ամիսներին նույնպես ականատես ենք եղել: Այն ինչ տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանին, նորից ասեմ, ըստ երևույթին, ներքին խնդիր են փորձում  լուծել: Նորից եմ կրկնում, չեմ կարծում, որ այս գործողությունները զարգացող բնույթ ունեն»,-հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել