Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան
11:26 - 13 հուլիսի, 2020

Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը բավականին զգալի կորուստներ ունի․ Դավիթ Տոնոյան

Քիչ առաջ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցեց սահմանային իրավիճակի մասին տեղեկություններ։

Նախարարը նախ ներկայացրեց, որ երեկ ժամը 12։30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Տոնոյանը շեշտեց, որ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։

Նախարարի խոսքով՝ քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է․

«Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսում են հրետակոծությունը։ Դադար է եղել գիշերը՝ 03։30-05։30»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։

Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ մեր ԶՈՒ-երը եւ համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պահպանությունը․ օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել