Ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու Ադրբեջանի քայլերն աշխատում են ի վնաս իրեն.Նարեկ Մինասյան |armenpress.am|
11:50 - 13 հուլիսի, 2020

Ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու Ադրբեջանի քայլերն աշխատում են ի վնաս իրեն.Նարեկ Մինասյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի սահմանին ուղղված սադրիչ գործողությունները, ըստ էության, Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումների ուղղակի հետևանք են: Այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանում սկսած սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք այս ընթացքում շարունակեցին խորանալ, ստիպեցին Ադրբեջանի իշխանություններին հանրային կոնսոլդիացիա ապահովելու և սոցիալ-տնտեսական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար թեժացնել ռազմատենչ հռետորաբանություն: Ու կարծես՝ դա բավարար չէ»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդին համոզել են, որ ցանկացած պահի կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, դրա արդյունքում հանրության մոտ ստեղծվել են չափազանցված ակնկալիքներ, և դա, ըստ էության, սկսել է աշխատել ի վնաս հենց Ադրբեջանի իշխանությունների:

«Այժմ նման սադրանքներով ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ ձևով բավարարել սեփական հանրության մոտ ձևավորած ակնկալիքները, ինչպես նաև շեղել հանրության ուշադրությունը երկրի ներսում առկա խնդիրներից, և միևնույն ժամանակ ապահովել հանրային կոնսոլիդացիա իր շուրջ»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով հայկական զինված ուժերի գործողություններին՝ Նարեկ Մինասյանը նշեց, որ բավական պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել: Նա հիշեցրեց հայկական կողմի այն հայտարարությունը, ըստ որի, Ադրբեջանի կողմից ցանկացած սադրիչ գործողություն չի մնալու անարձագանք: Ավելին՝ Ադրբեջանի կողմից ցանկացած արկածախնդրություն ունենալու է հետևանքներ հենց Ադրբեջանի համար: Նարեկ Մինասյանի խոսքով, ինչպես արդեն շրջանառվում է որոշ աղբյուրներում, հայկական կողմն ունի ձեռքբերումներ, Ադրբեջանի կորուստները բավական շատ են թե մարդկային, թե ռազմական տեխնիկայի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության հետ աշխատանքին, ապա Նարեկ Մինասյանը նշեց, որ վսստահաբար այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են թե արտաքին գործերի նախարարության, թե պաշտպանության նախարարության մակարդակով: Մշտական կապի մեջ են Հայաստանի գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ տեղեկություններ տրամադրելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել