Եղեգնուտի ավագանու անդամներն ու համայնքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի դեմ հայցադիմում են ներկայացրել |hetq.am|
17:24 - 13 հուլիսի, 2020

Եղեգնուտի ավագանու անդամներն ու համայնքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի դեմ հայցադիմում են ներկայացրել |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Եղեգնուտ  համայնքում իրավիճակը չի հանդարտվում: Համայնքի ավագանու 7 անդամներից 4-ը հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի դեմ: Ավագանու անդամները պահանջում են անվավեր ճանաչել մարզպետի 22.06.2020թ. այն որոշումը, որով անվավեր է ճանաչել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշումը՝ Եղեգնուտում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Գործով երրորդ անձ է հանդես գալիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը, ում լիազորությունները դադարել են Հ. Մաթևոսյանի կայացրած որոշումից հետո:

Ավագանու անդամներից առանձին նույն պահանջով մարզպետի դեմ հայցադիմում է ներկայացրել նաև Ռազմիկ Մկրտչյանը: Նրա հայցադիմումը վարչական դատարանում մուտք է եղել հուլիսի 8-ին, իսկ ավագանու անդամներ Մարտուն Մկրտչյանի, Հովհաննես Հակոբյանի, Ռազմիկ Աբրահամյանի, Անտոն Խուրշուդյանի հայցադիմումը՝ հուլիսի 9-ին:

Հիշեցնենք, որ երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ. լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Վարչական դատարանը Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը:

Եղեգնուտցիները դժգոհ են այդ որոշումից և մինչ օրս պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում համայնքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել