Վրացալեզու ԶԼՄ-ներում ՀՀ-Ադրբեջան սահմանի իրավիճակը հիմնականում ներկայացվում է չեզոք դիրքից |aliq.ge|
18:29 - 13 հուլիսի, 2020

Վրացալեզու ԶԼՄ-ներում ՀՀ-Ադրբեջան սահմանի իրավիճակը հիմնականում ներկայացվում է չեզոք դիրքից |aliq.ge|

aliq.ge: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Տավուշի մարզի Մովսես գյուղի հատվածում, հուլիսի 12-ին կեսօրից հետո, իրավիճակը լարվել է: Ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի մեքենայով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը մեծ արձագանք է ստացել նաև վրացական մեդիայում և ֆեյսբուքյան վրացի օգտատերերի էջերում:

Վրացալեզու ԶԼՄ-ներում իրավիճակը հիմնականում ներկայացվում է կողմերից ստացված տեղեկատվությունը հավասարաչափ ներկայացնելով` չեզոք դիրքից: Նման կերպ են աշխատում Ազատություն ռադիոկայանի վրացալեզու կայքը, Interpressnews-ը, Netgazeti-ն, Mtavari TV-ն, Formulanews-ը։ Նույն տրամաբանությամբ է աշխատում նաև Հանրային հեռարձակողի վրացալեզու հատվածը, որը  յուրաքանչյուր կողմի հայտարարություն առանձին, տվյալ պետության դիրքից է ներկայացնում:

Վրացական մեդիաների շարքում առանձնանում է imedinews.ge իշխանամետ կայքը, որը երեկ կեսօրից հետո բազմիցս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սակայն հրապարակված նյութերի շարքում գերակշռում են ադրբեջանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները, իսկ զոհերի մասին կայքում կարող ենք հանդիպել «Հայ-ադրբեջանական սահմանին կրակի հետևանքով զոհ կա» կամ «Հայ-ադրբեջանական սահմանին զոհեր կան» վերնագրերին: Նմանատիպ նյութերը շփոթ են առաջացնում, ինչի հետևանքով էլ ֆեյսբության տարբեր օգտատերերի էջերում քննադատական քննարկումներ են ծավալվում:

Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված տարբեր գրառումներ են արվել 100 հազարից ավել օգտատեր ունեցող վրացական ֆեյսբուքյան էջերից մեկում: Նշված էջում ևս գերակշռում են ադրբեջանական կայքերի և սոցցանցերի օգտատերերի կողմից տարածված տեսանյութերն ու լուսանկարները՝ կից մեկնաբանող տեքստերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել