Խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի, իսկ քանի դեռ կա մարտական իրավիճակ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել դիրքային փոփոխությունների մասին հարցին․ Արծրուն Հովհաննիսյան
23:40 - 14 հուլիսի, 2020

Խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի, իսկ քանի դեռ կա մարտական իրավիճակ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել դիրքային փոփոխությունների մասին հարցին․ Արծրուն Հովհաննիսյան

Բարեբախտաբար, ըստ բժիշկների ներկայացրած տվյալների, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել, ընթացքում մշտապես կփորձենք իրազեկել վիրավորների վիճակի մասին։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց․ «Այս պահին իմ տրամադրության տակ եղած տեղեկության համաձայն՝ քաղաքացիական բնակչության մեջ գոնե թեթև վիրավորումներ չկան․ միայն նյութական վնասներ ենք կրել», ապա ավելացրեց, որ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, և վստահ է՝ տեղի չի ունենա։ «Մեր ժողովուրդը ամուր կանգնած է իր դիրքերում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ համեմատաբար հանգիստ վիճակը սկսվել է ժամը 18։00֊ից։ Շատ քիչ կրակոցներ կան, մեծ տրամաչափի կրակոցներ չկան։ 

Նա նաև հայտնեց, որ ամսի 12-ից սկսած մինչ այսօրը ներառյալ, երբ խոցվեց Hermes 900 մոդելի բավականին մեծ ու թանկարժեք ԱԹՍ-ն, խոցված ԱԹՍ-ների թիվը 5-ից ավելի է և մոտենում է 10-ին։

Անդրադառնալով դիրքերի առաջխաղացման վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Քանի դեռ կա մարտական իրավիճակ և կարող են լինել մարտական գործողություններ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել դիրքային փոփոխությունների մասին հարցին։ ՀՀ ԶՈՒ-երը բոլոր տարիներին բոլոր հնարավոր շանսերն օգտագործել են դիրքերը բարելավելու համար, դա ճշմարտություն է, որը պետք չէ քննարկել»։

Արծրուն Հովհաննիսյանը բոլորին հորդորեց զերծ մնալ խուճապ առաջացնող, ոչ հավաստի նյութեր տարածելուց, ադրբեջանական լրատվադաշտից նյութեր բերելուց մեր դաշտ․ «Բառեր են ընտրվում, որոնք թե՛ տեղեկատվական տեսանկյունից, թե՛ անվտանգության տեսանկյունից տեղին չեն։ Օրինակ՝ հայկական գործողությունները որակել «նախահարձակ»։ Մենք ունենք բավականին լավ փորձ և պետք է այդ փորձը զարգացնենք և կիրառենք»։

Նա նշեց, որ տեսել ենք Ադրբեջանի կողմից 11 զոհի հաստատում, և ինքը գրեթե վստահ է՝ այդ թիվը կարող է փոխվել։ 

«Ըստ էության, ժամանակակից պատերազմում թիկունք ու առաջնագիծ հասկացությունները շատ հարաբերական են։ Այո, մենք փորձում ենք առաջնագծում մարտական հերթապահության մեջ չպահել ժամկետային զինծառայողների, բայց քանի որ ճակատներն ու խորությունները փոխվել են, շատ հաճախ մարտական գործողությունները նաև խորքում են տեղի ունենում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել