Այս պահին իրավիճակը հանգիստ է․ ՀՀ Զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրը․ Արծրուն Հովհաննիսյան
12:05 - 15 հուլիսի, 2020

Այս պահին իրավիճակը հանգիստ է․ ՀՀ Զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրը․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ 18։00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում․ կրակոցները գնալով քչացել են։ Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ, եւ այլն։ Բայց, մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակողներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաեւ ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում։ Այս մասին այսօր  Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց  ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ այս պահի դրությամբ շարունակվում է հանգիստ վիճակը։ Արցախյան հատվածում եւս հանգիստ է եղել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։

«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, եւ այլ սպաներ, շարքայիններ։ Հայկական կողմից տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։

Խոսելով ադրբեջանական կողմի հետ հրադադարի պայմանավորվածության մասին, Հովհաննիսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի, բայց հաճախ է լինում, որ գիշերները ակտիվություն չի լինում։ Այն հարցին, թե արդյո՞ք այս փուլում անհրաժեշտություն չկա կամավորական ջոկատների ներգրավման Հովհաննիսյանը պատասխանեց․

«ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրը փայլուն կատարել են։ Արդյունքները պարզ երևում են։ Կոնֆլիկտի բնույթը, ծավալները այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի՝ այդ թվում պահեստազորայինների և կամավորական ջոկատների օգնությանը։ Մենք վստահ ենք, որ  մեր կամավորները պատրաստ են, տեսել ենք բազմիցս, շնորհակալ ենք իրենց, բայց այս պահին իրենց զավակները իրենց խնդիրը փայլուն կատարում են։ ՀՀ ԶՈՒ-երը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, կոնֆլիկտի  աստիճանն այնքան չէ, որպեսզի ՀՀ-ն անհրաժեշտություն ունենա դիմել ՀԱՊԿ-ին՝ որեւէ գործողություն անելու, միջամտելու համար»։ 

Հովհաննիսյանը նշեց նաև , որ որեւէ բնակավայրից որեւէ տարհանում չի եղել, ամենայն հավանականությամբ չի էլ լինի։ Ինչպես տեղեկացնում են ՏԻՄ-երը՝ քաղաքացիական բնակչությունից որևէ մեկը նշանակալի վիրավորումներ, վնասվածքներ չի ստացել։ Վնասները եղել են միայն նյութական։Գազատարը երկու անգամ վնասվել է եւ վերականգնվել է։ 

«Հաստատում ենք՝ մեր խոցած Elbit Hermes 900-ը թանկարժեք, բարձր տեխնոլոգիական թռչող ուղեղային կենտրոն է։ Խոցվել է հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցների կողմից՝ համապատասխան մոդեռնիզացված տեխնոլոգիայով («Оса» զենիթահրթիռային համակարգի միջոցով), որը մեր ռազմաարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել էր։ Ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և՛ սահմանապահ ծառայությունը, և՛ երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած, կարելի է ասել, ողջ զինանոցը կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների։ Մասնավորապես, բոլոր տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ մինչև անգամ 122 և չի բացառվում նաև ավելի բարձր տրամաչափերի։ Մեր ՀՕՊ ստորաբաժանումների կողմից 10 ԱԹՍ-ներ են խոցել։ Բացի ԱԹՍ-ներից՝ հակառակորդը միանշանակ կորցրել է մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել