Ծակքարում կիրականացվեն երեք սուբվենցիոն ծրագրեր
14:08 - 15 հուլիսի, 2020

Ծակքարում կիրականացվեն երեք սուբվենցիոն ծրագրեր

Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի բնական քարե կամուրջ տանող ճանապարհը, լուսավորության ցանց թիվ 3 եւ 10 փողոցներում, կասֆալտապատվի 6-րդ փողոցը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 920 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 280 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Ծակքարի 6-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 88 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 52 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 միլիոն 200 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Ծակքարի 3-րդ եւ 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 14 միլիոն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 230 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 970 հազար դրամը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Ծակքար համայնքի ղեկավար Գվիդոն Ավետիսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում: «Համայնքի համար անչափ կարեւոր ու պահանջված ծրագրեր են իրականացվում: Ծակքարի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Այն խթանելու է զբոսաշրջության զարգացմանը: Համայնքի 6-րդ փողոցն ասֆալտապատվելու է շուրջ 1 750 մետր երկարությամբ եւ 7 000 քառակուսի մետր մակերեսով: Լուսավորության ցանցը 3-րդ փողոցում կառուցվում է 1 160, 10-րդ փողոցում՝ 960 մետր երկարությամբ: Ընդհանուր հաշվով կտեղադրվի 78 լուսատու»,-նշեց համայնքի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել