«5-րդ ալիքը» խեղաթյուրել և մանիպուլացրել է միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունը |fip.am|
19:26 - 15 հուլիսի, 2020

«5-րդ ալիքը» խեղաթյուրել և մանիպուլացրել է միջազգային կառույցների հրապարակած հետազոտությունը |fip.am|

fip.am: «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվականը հուլիսի 11-ի 18:30-ի թողարկման ժամանակ ««Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել». սոցհարցումներ» վերնագրով ռեպորտաժ է հրապարակել՝ հայտնելով, որ ըստ սոցհարցումների՝ կառավարությունը կորոնահամաճարակի ժամանակ լավ չի աշխատել:

«Եթե դուք էլ եք կարծում, որ կորոնահամաճարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ չի աշխատել ու այս ընթացքում մատը մատին գրեթե չի տվել՝ մարդկանց ու բիզնեսին օգնելու համար, ուրեմն դուք մենակ չեք, մենակ չեք: Սոցհարցումների մասնակցած 60 տոկոսը ևս այդպես է մտածում»,- ասել է ռեպորտաժի հեղինակ Լիլիթ Մուրադյանը: 

Նա նշել է, որ նյութի աղբյուրն է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի» և USAID-ի համատեղ կատարած հետազոտությունը:

Ու թեև այս կառույցները միասին իսկապես հետազոտություն են իրականացրել, նյութում ներկայացված գրեթե ողջ տեղեկատվությունը կապ չունի դրա հետ, համատեքստից դուրս է և խիստ մանիպուլյատիվ: 

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ռեպորտաժում տեղ գտած փաստական սխալները և մանիպուլյացիաները:

Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը

Որպես հետազոտության համատեքստ՝ հեղինակ Լիլիթ Մուրադյանը ներկայացնում է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը: Ըստ նրա՝ մարդիկ խիստ դժգոհ են կառավարության քայլերից, բողոքի մեծ ալիք է աճում, իսկ 2018 թվականի հեղափոխությունից սպասումները արդարացված չեն:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և USAID-ն փետրվարից ապրիլ Երևանում և մարզերում հարցումներ են արել՝ հասկանալու, թե ինչ վիճակ և ինչ տրամադրություններ են երկրում»,- ասել է ռեպորտաժի հեղինակը: 

Միևնույն ժամանակ, վիզուալ տարբերակով սոցհարցումը ներկայացնելիս էկրանին հայտնվում է փաստաթուղթ, որտեղ սոցհարցման խորագիրը և հրապարակման ամսաթիվը սխալ է ներկայացված:

Fip.am-ը կապվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի և ՀՌԿԿ-ի ղեկավար Հեղինե Մանասյանի հետ, որոնք փաստել են, որ իրենց հետազոտության բովանդակությունը և առանձին մասեր խեղաթյուրվել և մանիպուլացվել են ռեպորտաժի ընթացքում:

Իրականում՝ «Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն» անունը կրող հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ արդյունքները հրապարակվել են փետրվարին: 

Հետազոտության նպատակն էր պարզել հայաստանցիների ընկալումները Հայաստանի ընդհանուր վիճակի, կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ: Ռեպորտաժում  խորագրից բացակայում է կոռուպցիա բառը, և ցույց է տրվում, որ հարցումների արդյունքները հրապարակվել են մայիսի 21-ին՝ փետրվարի 21-ի փոխարեն:

Հաշվի առնելով, որ հարցումներն իրականացվել էին 2019-ին վերջին ամիսներին,

քաղաքացիները չէին կարող իրենց կարծիքը հայտնել կորոնավիրուսի ընթացքում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ: 

Փաստացի՝ «5-րդ ալիքը» մոլորեցնում է իր հեռուստադիտողներին։ 

Ներկայացված տվյալներ

«Հարցվածներից մոտ 40 տոկոսին ամենից շատ անհանգստացնում է գործազրկությունը»,- ասվում է ռեպորտաժում:

Իրականում՝ հետազոտության արդյունքներով միայն 25.9 տոկոսն է գործազրկությունը համարում Հայաստանի լրջագույն խնդիրը:

«Կոռուպցիան արմատախիլ անելու, կոռումպացվածներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու խոստում-սպառնալիքներին սկզբում հավատացածների 80 տոկոսն այսօր կարծում է, որ Հայաստանի համար լրջագույն խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան»,- ռեպորտաժում ասում է Լիլիթ Մուրադյանը՝ հավելելով, որ 2019 թվականին այդպես էր կարծում հարցվածների 40 տոկոսը:

Իրականում՝ հարցվածների 65 տոկոսն է միայն կոռուպցիան համարում լուրջ խնդիր Հայաստանում, ընդ որում՝ 36.5 տոկոսը այն համարում է շատ լուրջ խնդիր, իսկ 28.3 տոկոսը՝ բավականին լուրջ:

Հարկ է նշել, որ բուն հետազոտության շրջանակում կատարվել է հարցում, որը վերաբերում է նախկին և ներկա իշխանությունների օրոք կոռուպցիայի տարածվածությանը: «5-րդ ալիքը» չի ներկայացնում այդ հարցի արդյունքները, որում հարցվածների մոտ 84 տոկոսը նշել էր, որ նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիան համատարած էր և առկա էր բոլոր ոլորտներում, իսկ ներկայիս իշխանությունների օրոք այդպես է կարծում միայն 4.4 տոկոսը: 

Ռեպորտաժի հեղինակը պնդում է, որ հարցվածների 45 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում սոցիալական դժգոհության ալիք է հասունանում. «Անգամ երբ արտակարգ դրություն է փողոցում, բողոքողի ձայնն էլ կտրվում է մինչև ոստիկանության բաժին»: 

Նշենք, որ նման բովանդակությամբ հարց չի եղել հետազոտության ընթացքում:

Անհայտ ծագման փաստեր

Ռեպորտաժում ներկայացվել և հետազոտությանն են վերագրվել այնպիսի գնահատականներ, որոնք իրականում գոյություն չունեն: 

«Այսինքն՝ Հայաստանը սխալ ուղղությա՞մբ է շարժվում: Երևանցիների 52 տոկոսը պատասխանում է՝ այո ու չի հավատում, որ այդ ճանապարհին ինչ-որ բարի ու լավ բան կա: Հարցվածների 57 տոկոսը չի հավատում որևէ բարելավման»,- ասել է Լիլիթ Մուրադյանը:

Հետազոտության շրջանակում, սակայն, նման հարցեր չեն տրվել, ինչպես չեն եղել հարցեր կառավարության փոփոխության, բողոքի ակցիաների արդյունավետության վերաբերյալ, որոնց մասին թվային տվյալներ են ներկայացվում ռեպորտաժի ընթացքում: 

Հատկանշական է, որ Panorama.am կայքում տեղադրված է «5-րդ ալիքի» ռեպորտաժի նույնատիպ բովանդակությամբ հոդված, որում կցված է զեկույցի հղում։ Ըստ հեղինակի՝ այն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ), USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից։ Այս կառույցներից կրկին հայտնում են, որ այդ զեկույցը կեղծ է և իրենք նման հետազոտություն չեն իրականացրել։   

Այսպիսով, «5-րդ ալիքի» հեռարձակած ռեպորտաժը մի քանի միջազգային կառույցների համատեղ հետազոտության վերաբերյալ պարունակում է կոպիտ սխալներ, ավելին՝ այն մանիպուլացնում է հետազոտության բովանդակությունը և համատեքստը:

Լուսինե Ոսկանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել