Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել․ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի․ Նիկոլ Փաշինյան
11:23 - 16 հուլիսի, 2020

Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել․ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի․ Նիկոլ Փաշինյան

Այս գիշեր 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով՝ հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ ուժերի «Անվախ» կոչվող սահմանային դիրքը գրավելու նպատակով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղեկացրեց․

«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության կանխել են հակառակորդի դիվերսիոն հարձակման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 5։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղները կիրառելով՝ ականանետ և Դ-30։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան, ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արձանագրեմ նաև, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է՝ Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական։

Մինչ Հայաստանի Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը մեզ հարկավոր է ամուր թիկունք և այս առումով, ցավով ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակում գրանցվել։ Գրանցվել է 583 դեպք, 2190 կատարված թեստից։ Ես այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորությունը, պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Վերջին օրերին առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է և մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գործողությունների և մասնավորապես դիմակների կրման ծավալների հետ։ Ցավոք ոչ բոլորն են կրում դիմակներ, բայց մեր կոչն է շարունակել կրել դրանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել