Պաշտոնատար անձինք կներկայացնեն իրենց ծախսերը |civilnet.am|
13:47 - 16 հուլիսի, 2020

Պաշտոնատար անձինք կներկայացնեն իրենց ծախսերը |civilnet.am|

civilnet.am: Հուլիսի 16-ին կառավարությունը հավանության արժանացրեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որը նոր փոփոխություններ է ենթադրում պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերում։ 

Փաթեթով նախատեսվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը՝ դրանում ներառելով 15 000 և ավել բնակչություն ունեցող համայնքների գլխավոր քարտուղարներին և ավագանու անդամներին։ Ըստ արդարադատության նախարարության՝ նշված անձանց գործունության արդյունքում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ, ուստի վերջիններս ևս պետք է գույքի, եկամուտների, ունեցվածքի, շահերի հայտարարագիր ներկայացնեն։ 

Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները նաև հատուկ նշելու են իրենց կողմից փաստացի տիրապետվող գույքի մասին տեղեկությունը։ «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձը կարող է ձևականորեն զրկված լինել գույքի ճակատագիրը որոշելու հնարավորությունից, սակայն, տվյալ գույքը տիրապետելու միջոցով, դրանից ունենալ տնտեսական շահ: Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին: Ուստի, անհրաժեշտ է հայտարարագրումն իրականացնելիս հաշվի առնել նաև գույքի տիրապետումը որպես սեփականության իրավունքի տարր»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։ 

Փաթեթով նախատեսվում է նաև ներդնել պաշտոնյաների կողմից ծախսերի հայտարարագիր, և եթե պաշտոնյաները 1 միլիոն դրամը գերազանցող ծախս կատարեն, այն պիտի հայտարարագրեն՝ նշելով ծախսի տեսակը, չափը, բովանդակությունն ու արժույթը։ 

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև նվազեցնել թանկարժեք գույքի սահմանաչափը որոշող շեմը՝ 8 միլիոն դրամից դարձնելով 4 միլիոն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել