Ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքել հայ-ադրբեջանական բախումներին նախկինում |fip.am|
14:44 - 16 հուլիսի, 2020

Ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքել հայ-ադրբեջանական բախումներին նախկինում |fip.am|

fip.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուլիսի 14-ին հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Հայտարարության մեջ ՀԱՊԿ-ն լուրջ մտահոգություն էր հայտնում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ։

«Այս իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանային դրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-երկիր […]։ Ընդգծում ենք հրադադարի ռեժիմի վերականգման անհրաժեշտությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշված էր հայտարարության մեջ։

Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ տարբեր քաղաքական շրջանակների կողմից։ Շատերը պնդեցին, որ քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, ապա կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ աներ դադարեցնել կրակը։

Բացի սա, ՀԱՊԿ այս հայտարարությունը տարբեր շրջանակներ սկսեցին կապել Հայաստանի ներկա իշխանությունների հետ։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «5-րդ ալիքին» հուլիսի 14-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները որակեց շատ լարված և դա կապեց ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործի հետ։ 

168․am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուր ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ևս ՀԱՊԿ այս չեզոք հայտարարությունը պայմանավորեց Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործով՝ նշելով, որ դրանով Փաշինյանի իշխանությունը վնասել է պետական շահը։ «Եվ հիմա մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ից մենք ունենանք ավելի ընդգծված հասցեական պատասխա՞ն։ Կունենայինք, եթե նորմալ աշխատեինք ՀԱՊԿ հետ»,- հայտարարեց Ջամալյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե ինչպիսին էին նախկինում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունները, հասկանալ դրանց հռետորաբանությունը և պարզել, թե արդյո՞ք այս անգամ կազմակերպության հայտարարությունը իսկապես բացառիկ է իր  չեզոքությամբ։

2018

Մինչ այս, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ էր արձանագրվել նաև 2018 թ. սեպտեմբերին, երբ հակառակորդը գնդակոծում էր Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Լարվածության արդյունքում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, իսկ մի քանի օր անց զոհվել էր պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը։ Այս լարվածությանը ՀԱՊԿ-ն արձագանքել էր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությամբ․ «Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների»,- ասված էր հայտարարության մեջ։ Կազմակերպությունը կոչ էր անում նաև դադարեցնել հայկական բնակավայրերի գնդակոծումը․ «ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը»։

2016

2016 թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ Չնայած հայկական Զինված ուժերը կանխել էին հակառակորդի դիվերսիան և հետ շպրտել ելման դիրքեր, այնուամենայնիվ, հայկական կողմն ունեցել էր 3 զինվորականի կորուստ։

Այս առիթով ՀԱՊԿ-ն տարածել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որում նշվում էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը: «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք որպես սադրանք»,- ասված էր հայտարարության մեջ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել հրադադարի պարբերական խախտումների առնչությամբ։ «Թվում էր թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ավելի ակտիվ կընթանա, բայց հրադադարի պայմանավորվածությունների պարբերական խախտումների վերաբերյալ վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները և առավելևս զինծառայողների մահվան դեպքերի բերած դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը հարուցում են լուրջ մտահոգություն»,- կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ։

2015

2015 թ. սկզբին ադրբեջանական ուժերը սկսել էին դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարել և գնդակոծել Տավուշի սահմանամերձ համայնքները։ Դիվերսիաների և գնդակոծման հետևանքով մի քանի օրերի ընթացքում սպանվել էին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանը և Ոսկեվան գյուղի բնակիչ Սերյոժա Սարգսյանը, վիրավորվել էր Լևոն Անդրեասյանը։

Այս առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ «խորը անհանգստություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում վերջին լարվածության հետ կապված և կրկին վերահաստատել ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը»։

Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են չեզոք, ոչ մի անգամ այս կառույցը հստակ չի մատնանշել «մեղավոր» կողմին և մշտապես կոչն ուղղել է «երկու կողմերին»։ Թերևս, մի փոքր բացառություն է կազմել 2018 թվականին ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունը, որտեղ նշվել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի մասին։ Դրանով հանդերձ, այդ հայտարարությունում ևս բացակայում են ուղիղ ձևակերպումներ Ադրբեջանի հասցեին։

Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը միակը չէ, որտեղ ՀԱՊԿ-ն չեզոք ու անհասցե ձևակերպումներ է օգտագործում։ Հետևաբար, մանիպուլյատիվ են Հրանտ Մելիք-Շահնազարյանի և Դավիթ Ջամալյանի այն պնդումները, թե ՀԱՊԿ այս չեզոք հայտարարությունը պայմանավորված է այդ կառույցի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործով և Հայաստան-ՀԱՊԿ լարված հարաբերություններով։

Սևադա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել