«Ո՛չ հավերժ Պուտինին»․ Մոսկվայում բերման են ենթարկել ակցիայի 147 մասնակիցների |epress.am|
16:35 - 16 հուլիսի, 2020

«Ո՛չ հավերժ Պուտինին»․ Մոսկվայում բերման են ենթարկել ակցիայի 147 մասնակիցների |epress.am|

epress.am:  Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկոյ և Պետրովկա փողոցներում, Ռոսգվարդիայի աշխատակիցները բերման են ենթարկել «Ո՛չ հավերժ Պուտինին» ակցիայի ավելի քան 140 մասնակիցների։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններին դեմ նախաձեռնող խմբի կողմից։

Ձերբակալվածների մեծ մասին առավոտյան ազատ են արձակել, հայտնում է «ՕՎԴ-ինֆոն»։ Պահանջել են ավելի ուշ ներկայանալ ոստիկանական բաժանմունք՝ «տրանսպորտային միջոցների և հետիոտների շարժը սահմանափակող չարտոնված միջոցառման մասնակցության համար» արձանագրություն կազմելու համար։ Ակտիվիստներից երկուսին՝ Աննա Լոյկոյին և Ալեքսանդր Դմիտրիևին, մինչև դատը մեկուսարանում կպահեն։

Հավաքը մեկնարկել է հուլիսի 15-ին երեկոյան ժամը յոթին Պուշկինի հրապարակում։ Մասնակցել են մի քանի հարյուր քաղաքացիներ։ Ակցիայի կազմակերպիչները նախապես միջոցառման անց կացման հայտ էին ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան։ Վերջինս, սակայն, հրաժարվել էր արտոնել հավաքը։

Ցույցի նախաձեռնողները մտադիր էին պահանջել չեղարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման համար կազմակերպված քվեարկության արդյունքները։ Քաղաքապետարանի կողմից հավաքի իրականացման արտոնում չստանալուց հետո որոշեցին փոխել ձևաչափը․ կազմակերպել քաղաքացիական հանդիպում և ստորագրահավաք։ Մասնակիցներին նախապես զգուշացնում էին, որ հանդիպումը ոստիկանության կողմից կարող է որպես ոչ արտոնված հավաք որակվել, ինչի հիմքով կարող են բերման ենթարկել մասնակիցներին։

Ակցիայի մեկնարկից երկու ժամ անց մասնակիցների մի խումբ երթ սկսեց դեպի Տվերսկոյ փողոց։ Ռոսգվարդիայի և Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցները փակեցին ցուցարարների ճանապարհն ու սկսեցին բերման ենթարկել մասնակիցներին։ Ականատեսները պատմում եմ ոստիկանության բիրտ գործողությունների մասին։ Ձերբակալվածներից շատերը հայտնում են ստացած վնասվածքների մասին։

«ՄԲԽ Մեդիա» հրատարակչությունը հայտնում է, որ ցուցարարների մեկ այլ խումբ երթով շարժվել է դեպի Բուլվարային օղակ՝ վանկարկելով «Մոսկվա դուրս արի»։ Ակտիվիստներից ոմանք պառկել են Պետրովսկի ծառուղու երթևեկելի մասում և որոշ ժամանակ կանգնացրել երթևեկությունը։ Ակցիայի մասնակիցների մեծ մասն ավելի ուշ բերման է ենթարկվել։

Ընդհանուր առմամբ հաղորդվում է 147 ձերբակալվածների մասին (ՆԳՆ տվյալներով՝ 132)։ Այդ թվում են Հասարակական դիտորդական հնձնաժողովի անդամ Մարինա Լիտվինովիչը, «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Անդրեյ Պիվովարովը, Մոսկվայի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Սերգեյ Ֆյոդորովը, մունիցիպալ պատգամավոր Յուլիա Գալյամինան ու նրա դուստրը։ Ակցիայից մի քանի ժամ առաջ Մոսկվայի Տագանսկի դատարանը Գալյամինային տուգանել էր 200 հազար ռուբլու չափով՝ հանրահավաքների անցկացման կրկնակի խախտման մեղադրանքով։

Ձերբակալվածների թվում են նաև «ՌԻԱ Նովոստիի» և TJournal-ի լրագրողները։

Մոսկվայի Պուշկինի հրապարակում կազմակերպված ացիային զուգահեռ նույն պահանջներով հավաք է կազմակերպվել նաև Սանկտ Պետերբուրգում։ Բերման ենթարկվածների մասին տեղեկություններ չկան։

  • Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների ծրագիրը հունվարին նախաձեռնել էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել էր, որ այդ փոփոխությունները պետք է ընդունվեն համաժողովրդական քվեարկությամբ։ Ռուսաստանի օրենսդրությունը նման բան չի պահանջում։

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 78 տոկոսը։ Մասնակցությունը կազմել է շուրջ 65 տոկոս։

  • Ընդդիմադիր ուժերը հայտնում են աննախադեպ ընտրախախտումների մասին և հրաժարվում են ընդունել քվեարկության արդյունքները։

  • Մայր օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն, ռուսական սահմանադրությունը առաջնահերթություն է ճանաչվել միջազգային իրավունքի նկատմամբ։

  • Զրոյացվել են նախագահ Պուտինի պաշտնավարման ժամկետները։ Կատարվել է իշխանության վերաբաշխում, որի արդյունքում էլ ավելի են ընդլայնվել նախագահի լիազորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել