Տարածաշրջանի հետ սահմաններ ունեցող երկրները պետք է ցուցաբերեն առավելագույն զսպվածություն․ ՌԴ ԱԳՆ |civilnet.am|
16:51 - 16 հուլիսի, 2020

Տարածաշրջանի հետ սահմաններ ունեցող երկրները պետք է ցուցաբերեն առավելագույն զսպվածություն․ ՌԴ ԱԳՆ |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը գործի կդնի բոլոր հնարավորությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև ներկայիս սրացումը կարգավորելու համար: Այդ մասին «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և ի ցույց կդնենք ռուսաստանյան դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության լավ կողմերը, որպեսզի ոչ միայն կարգավորենք սահմանային հակամարտությունը, այլև մեզ եղբայրական Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն ընդհանրապես բարելավվեն», - ասել է նա:

Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը նման հնարավորություն ունի:

«Այս առումով շատ կարևոր է Մինսկի խմբի անդամ պետությունների հավասարակշռված դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը միավորում է ավելի մեծ թվով պետություններ, քան միայն երեք համանախագահները: Այդ երկրները, որոնք շրջապատում են և սահմաններ ունեն այս տարածաշրջանի հետ, պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռություն, պատասխանատվություն և զսպվածություն, այդ թվում՝ հանրային հռետորաբանության մեջ»,- շեշտել է Ռուդենկոն։

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորին փնտրելն է, այլ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելը», - ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել