Միջազգային կազմակերպությունները պետք է սաստեն Բաքվին ահաբեկչական հայտարարություններ անելու համար․ Տաթև Հայրապետյան
19:15 - 16 հուլիսի, 2020

Միջազգային կազմակերպությունները պետք է սաստեն Բաքվին ահաբեկչական հայտարարություններ անելու համար․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին:

Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը infocom.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հայտարարությունը, ըստ էության, միջազգային ահաբեկչական սպառնալիք է։

«Ավելին, վերջին օրերի բոլոր իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Բաքվում, իրենք իրենցով այնքան խոշոր են և ապացուցում են բոլոր այն պնդումները, որ մենք տարիներ շարունակ անում ենք։ Իրենք սպառնում են, որ կարող են խփել ատոմակայանին, այսինքն՝ այդ ահաբեկչական գործողությամբ են սպառնում, ինչը ապացուցում է այն, որ Ադրբեջանը ահաբեկչական, ֆաշիստական տրամադրություններ հրահրող երկիր է։ Օրեր առաջ մարդիկ 10-20․000-ներով հավաքվել էին և հայերի մահն էին պահանջում, այդ ամբողջ իրողությունները, որոնք մենք ակտիվորեն ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին, գալիս են ապացուցելու վերեւում արված պնդումը։ Այո՛, մենք գոյության խնդիր ենք լուծում, և իրենց իշխանությունների կողմից իրականացվող այդ ատելության քարոզը, որն առկա է երկրում, նման հետևանքներ է ունենում»,- ասաց Հայրապետյանը։

Պատգամավորի կարծիքով՝ եթե միջազգային կազմակերպությունները անհանգստացած են տարածաշրջանային իրավիճակով, որովհետև սա միայն մեր խնդիրը չէ, ապա նրանք պետք է համարժեք արձագանքեն և որոշակիորեն սաստեն Բաքվին՝ նման ահաբեկչական հայտարարություններ անելու համար։

Ասպրամ Փարսադնյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել