Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ
21:34 - 16 հուլիսի, 2020

Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ

Բեւեռացված հանրության մեջ, որտեղ խոսքի արժեքը ձգտում է զրոյի, բավականին բարդ է միանշանակ ընկալվող թեմայի վերաբերյալ միտք արտահայտել։ Թերեւս հենց դա է պատճառը, որ երկրի համար կրիտիկական պահերին ֆորմալ քաղաքական դաշտում, ըստ էության, համատարած լռություն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում ընդունված է սեփական բառերով տիրաժավորել պաշտոնական դիրքորոշումը, իրերին նայել բացառապես պաշտոնական տեղեկության նեղ պատուհանից։ Հակառակը կարող է դավաճանություն որակվել։ Սակայն բանակն ունի իր խնդիրները, հայտարարություններով նա այլ խնդիրներ է լուծում, եւ միշտ չէ, որ դրանցով կարելի է ամբողջ ճշմարտությունը հասու դարձնել քաղաքացիներին։ Օրինակ, դժվար թե Պաշտպանության նախարարությունը մի օր հայտարարի, թե որոշել է առանց հակառակորդի սադրանքի սպասելու՝ բարելավել մարտական դիրքերը՝ գրավել նրա՝ ռազմավարական առումով ավելի լավ դիրք ունեցող հենակետը։ Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսի գործողություններ իրականում լինում են։

Տեղի ունեցողի մասին լռելը անկեղծության դեֆիցիտ է առաջացնում։ Իրականությունը պատվում է առասպելական պատմություններով, եւ հետագայում շատ դժվար է դառնում իրականն ու կեղծն իրարից տարբերելը, երեւույթները ռացիոնալ գնահատելը։ Մինչդեռ, անկախ պետություն հռչակելու առաջին մոտիվացիաներից մեկը հենց ամենատարրական ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Այս առումով՝ վատ չէր լինի եւ նույնիսկ ճիշտ կլիներ, որ քաղաքացին իր անվտանգության ապահովման մասին իմանար ամեն ինչ, իսկ իրեն քաղաքական համարող յուրաքանչյուրը պատրաստ լիներ դրա վերաբերյալ կարծիք հայտնել՝ առանց թիրախավորումից վախենալու։ Ըստ այդմ, որպես հանրային գործիչ փորձեմ ի՛մ տեսակետները ներկայացնել օրերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների վերաբերյալ։

 

Հայաստանի հյուսիս-արեւելքում վերջին օրերի լարվածության մասին

Նախ, պետք է շեշտել, որ վերլուծության հիմքում ընկած է բացառապես պաշտոնական տեղեկությունը, որին բոլորն են տիրապետում։

Սկսենք նրանից, որ բավականին տարօրինակ պատկեր է գծագրվել ի սկզբանե։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ ամեն ինչ սկսել է նրանից, որ հայկական դիրքերին հակառակորդի մարդատար մեքենա է մոտեցել։ Հակառակորդի մոտեցող մեքենան ոչնչացնելու փոխարեն՝ մեր դիրքապահները քաղաքակիրթ զգուշացրել են, որ նրանք մի փոքր սխալվել են եւ պատրաստվում են հատել Հայաստանի սահմանը։ Հակառակորդն էլ, ըստ գծագրվող պատկերի, դա ի գիտություն է ընդունել, մեքենան թողել եւ շատ հանգիստ հեռացել է իր դիրքեր։ Այս միջադեպից 1։15 ժամ անց սկսվել է տարբեր տրամաչափի զինատեսակներից այդ դիրքի հրետակոծությունը։ Սրանից էլ սկսել է իրավիճակի հետագա սրացումը։

Համաձայնեք, որ այս պատմության մեջ որոշ դրվագներ անհասկանալի են մնում եւ հարցեր են առաջանում։ Օրինակ, եթե հակառակորդի նպատակը դիվերսիան էր, ապա ինչո՞ւ էին այնքան անշտապ մոտենում դիրքերին եւ ինչո՞ւ հանգիստ հեռացան՝ առանց պլանավորածն իրականացնելու։ Եթե նպատակը հանձնվելն էր, ապա ինչո՞ւ դա տեղի չունեցավ, փոխարենը՝ հանգիստ հետ գնացին։ Եթե զինվորները մոլորվել էին, ապա ինչո՞ւ սկսեցին կրակել մեր ուղղությամբ, առավել եւս մեր քաղաքակիրթ վերաբերմունքից հետո, երբ ոչնչացնելու փոխարեն՝ դիրքապահները թողել են հանգիստ հեռանալ։ Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել, եթե մոռանանք պաշտոնական վարկածն ու այլ իրավիճակ պատկերացնենք։ Հայկական զինված ուժերը կա՛մ զբաղեցրել են հակառակորդի դատարկ մնացած հենակետը, կա՛մ էլ այնպիսի փայլուն օպերացիա են իրականացրել, որ հակառակորդը միայն հաջորդ օրը, լրիվ պատահական է իմացել դրա կորստի մասին։ Դա բացատրում է նաեւ, թե ինչու էր թշնամին անշտապ մոտենում դիրքերին, քանի որ կարծում էր, թե ի՛ր հենակետ է գալիս։ Դրանով է բացատրվում նաեւ հետագա գործողությունը՝ դիրքի ռմբակոծությունը։

Սրա վերաբերյալ կարելի է մի քանի դիտարկում անել։ Նախ, ռազմավարական նշանակության տեսակետից, ըստ լուրերի, զբաղեցրած դիրքերը մեծ նշանակություն ունեն, եւ բովանդակային առումով ողջունելի է բանակի այդպիսի նախաձեռնողականությունը։ Ճիշտ է՝ դիրքերի բարելավման գործընթաց միշտ է եղել, բայց կարեւոր է արձանագրել դրա շարունակականությունը։ Պլանի իրականացման ձեւի առումով՝ բանակի գործողությունները նույնպես հրաշալի են։ Մի կողմից՝ հատկանշական է, որ գործողություններն այնպես են կատարվել, որ հակառակորդը միայն հաջորդ առավոտյան է նկատել տեղի ունեցածը, մյուս կողմից՝ հակառակորդի հետագա գործողությունները կանխատեսելը եւ ըստ այդմ զորքն այնպես տեղաբաշխելը, որ դրանցից մեր կորուստները նվազագույնի հասցվեն։ Ըստ ամենայնի՝ հակառակորդը չի կարողանում մարսել այդ դիրքի/երի կորուստը եւ մարտի դաշտ է նետում իր վերջին փաստարկներից մեկը՝ բանակի հետախուզական էլիտար ստորաբաժանումները, ինչը կրկին ոչ մի արդյունքի չի հանգեցնում՝ բացի հակառակորդի մարդուժի մեծաքանակ կորուստները։ Բացի դա՝ գովելի է մոլորյալ հակառակորդների նկատմամբ մեր զինվորների վերաբերմունքը։ Եթե հակառակորդը իռացիոնալ էմոցիաները զսպել կարողանար, կարելի էր ընդհանրապես խուսափել երկկողմանի զոհերից։

Եվ վերջում, Հայաստանը վաղուց է հայտարարել, որ գործելու է պատժիչ գործողությունների սկզբունքով։ Սակայն մի բան է հայտարարելը, լրիվ այլ բան՝ դա իրականություն դարձնելը։ Վերջին շրջանում մի քանի դրվագներ հուշում են, որ հայկական կողմն, ի վերջո, ձեռնմուխ է եղել այդպիսի քաղաքականության իրագործմանը։ Սա երկարաժամկետ հեռանկարում իրենց վրա թանկ նստելու բերումով նվազեցնելու է հակառակորդի սադրանքների կազմակերպման մշտական պրակտիկան։

 

Միջազգային հանրության եւ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին

Այստեղ տեղին է մեջբերել «Քաղաքացու որոշում» կուսակցության միասնական դիրքորոշումն առ այն, որ ՀԱՊԿ-ը, որքան էլ որ դրա մասին խոսվում է կանոնադրության մեջ, իրականացնում է լիովին այլ գործառույթներ։ Իր իրական գործառույթներն իրականացնելու համար այն, ըստ ամենայնի, անօգուտ է գտնվել։ Մասնավորապես, ՀԱՊԿ-ն անդամ-երկրների միջեւ ռազմաքաղաքական որոշակի հարաբերությունների իրականացման յուրատեսակ մեխանիզմ է դարձել։ Օրինակ, ՀԱՊԿ-ի միջոցով է, որ Հայաստանը կարող է զենք գնել Ռուսաստանի Դաշնության ներքին, այլ ոչ թե միջազգային գներով։  Ըստ էության, այս եւ եւս մի հանգամանք, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարելու դեպքում այնտեղ կարող է հայտնվել Ադրբեջանը, ստիպում են մեզ դեռեւս անդամակցել այդ անհույս կառույցին։ Ռուսաստանի Դաշնությունն, իհարկե, զենքի միակ մատակարարը չէ, եւ ցանկացած ժամանակ կարելի է այլընտրանք գտնել։ Դրա փոխարեն՝ Ադրբեջանի անդամակցությունն այդ կառույցին եւ վտանգը, որ այդ դեպքում կանոնադրությունը, խիստ պատահաբար, կարող է գործել, իրական վտանգ է։ Երբ մենք հարցին այս դիտանկյունից նայենք, թերեւս, կդադարենք ՀԱՊԿ-ից մարդուժով արագ արձագանքում պահանջել։ Այլընտրաքներ գտնելը մեզ հնարավորություն կտա հրաժարվել այս կառույցի անդամակցությունից։ Որպես այլընտրանք՝ կարող է դիտվել ինտեգրացիոն գործընթացներից հրաժարվելն ու տարբեր երկրների հետ առանձին համաձայնությունների գալը, այն, ինչ այժմ անում է Ադրբեջանը։ Եվ ոչ մի դեպքում այլընտրանք չի կարող լինել այլ, նույնպիսի կախման մեջ դնող ուրիշ վերպետական կառույցներին անդամակցությունը, որը պաշտպանունակությունն ավելացնում է ինքնուրույնության որոշակի մաս զիջելու գնով։

Միջազգային հանրության արձագանքը մեզ հուշում է կուսակցության այլ դիրքորոշման արդիական լինելու մասին։ Ի տարբերություն տասնամյակներ շեփորահարած այն տեսակետի, թե Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ կաշկանդում է եւ զարգացման խոչընդոտ հանդիսանում, մենք գտնում ենք, որ տարատեսակ շահերի խաչմերուկ դարձած մեր տարածաշրջանը, շահերի մեջ մանեւրելով, զարգացման մեծ հեռանկարներ է ապահովում։ Պատահական չէ, որ երկու օր կրակոցներից հետո հակամարտության սրացմանն արձագանքել են համարյա բոլոր տարածաշրջանային եւ ուժային այլ կենտրոններ՝ Իրանը, Թուրքիան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, խորհրդարաններ ու դրանց տարբեր ներկայացուցիչներ։ Եվ այս օրերին տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արտահանողի՝ Հայաստանի դերն ավելի է ընդգծվում՝ արդիականացնելով մարտահրավերներին համահունչ դիվանագիտական կորպուս ունենալու հրամայականը։ Այդպիսի դիվանագիտական կորպուսը նաեւ այս օրերի սրացումը կօգտագործեր՝ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու մասին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները իրականություն դարձնելու համար։

 

Ռազմական սրացումներին մեր հանրային արձագանքը

Անկեղծ ասած՝ դժվար է ներկայացնել մեր հանրային արձագանքը՝ նշելով այդտեղ տեղ գտած համակարգային խնդիրները։ Դրանք դեռեւս ձեւակերպված չեն, եւ բացի կրթական-մշակութային խնդիրները՝ ոչ մասնագետի համար դժվար է այլ խնդիրներ արձանագրել եւ համակարգային լուծումներ առաջարկել։ Դրա մասին կարելի է խոսել դրվագներով։ Սա կարեւոր է, քանի որ խնդիրների լուծումը սկսում է դրանց ախտորոշումից ու ճիշտ նկարագրությունից։

Այդ արձագանքը հաճախ շատ իռացիոնալ է։ Ռազմական սրացումների ժամանակ սոցցանցերի հայկական տիրույթում ատելության չափաբաժինը չափազանց մեծ է։ Եթե նկատել եք՝ ժամանակային այդ հատվածներում բոլորը միմյանց ատում են՝ ծառայածները՝ չծառայածներին, չծառայածները՝ ծառայածներին, արտահայտվողները՝ չարտահայտվողներին, չարտահայտվողները՝ մյուսներին, ոչ պաշտոնյաները՝ պաշտոնյաներին, եւ այսպես շարունակ։ Մարդկանց սկսում է թվալ, թե բացի իրենցից ու իրենց նեղ շրջապատից՝ մնացածը մոլորության մեջ են, բավարար մտահոգված չեն երկրի անվտանգությամբ։ Դա հիմք է դառնում բոլորին կարգի հրավիրելու իրենց ցուցումների համար։ Իմ ընկերների շրջանում էլ մարդիկ կան, որոնք ակտիվանում են ռազմական սրացումից սրացում։ Ակտիվանում են, սկսում բոլորին ամոթանք տալ, տարբեր ցուցումներ տալ բոլորին ու լարվածության անկումից հետո էլի կորում տեսադաշտից։ Այսպիսի իրավիճակներում է, որ ակնհայտ է դառնում հանրային համերաշխության իսպառ բացակայությունը։ Նկատե՞լ եք, որ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները՝ պայմանական «հները», չեն ուզում նույնիսկ ընկալել, որ մեր բանակի հաջողությունները կարող են կապ ունենալ պայմանական «նորերի» հետ, քանի որ իրենց նեղ խմբակից՝ «թայֆայից» դուրս բոլորը մոլորյալ են եւ անկարող՝ երկրի անվտանգության վերաբերյալ նույն մտահոգությունն ու սրտացավությունն ունենալ։ Քոչարյանի կողմնակիցները բանակի հաջողությունները Քոչարյանի հետ են կապում, նախկին ՀՀԿ-ականները՝ 2016-ից հետո բանակի հագեցվածությունն ապահովելու մասին իրենց որոշումների, «Իմ քայլ»-ականները՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի այլ պաշտոնյաների անձերի հետ։ Բոլոր հայտնի ու անհայտ խմբակներին թվում է, թե մյուսները որեւէ բանի հասնելու անկարող են, իսկ իրենք՝ միակ ճշմարտության կրողը։

Միակ անձեռնմխելի շերտը դառնում են զինվորականներն ու սահմանամերձ գոտում ապրողները, սակայն սա էլ՝ ժամանակավոր՝ մինչեւ սրացումների ավարտը, երբ այդ սերը դառնում է ոչ պարտադիր, ըստ ցանկության։ Այստեղ տպավորություն է ստեղծվում, որ հանրային համերաշխության բացակայության պայմաններում միասնական, միմյանց հետ որեւէ ընդհանուր բան ունենալու համար նահատակներ են պետք, որպեսզի միասնաբար սգանք նրանց մահը։ Քանի դեռ համերաշխություն, հանրային որեւէ պայմանավորվածություն չկա, հերոսների մահը սգալն է համերաշխության այն կետը, որը բոլորիս կապում է իրար։ Նկատած կլինեք, որ ինչ-որ մակարդակում կենցաղային կռիվներից սկսած մինչեւ քաղաքական ամենաբարդ հակադրությունները կարող են հարթվել մի մտքով՝ «եկեք համերաշխ լինենք, քանի որ պատերազմի դեպքում բոլորս գնալու ենք ճակատ ու կողք-կողքի զոհվենք»։ Մահն, այսպիսով, մեր հանրության միավորող գործոնն է դառնում եւ, որպեսզի միասնությունը հաստատ լինի, տպավորություն կա, որ մեզ պարբերաբար նոր զոհեր են պետք, ցանկալի է՝ երիտասարդ, սրբադասման ենթակա, սակրալ զոհեր։ Սա, իհարկե, դաժան արձանագրում է։

Սոցցանցերում հաճախ իռացիոնալ է նաեւ շփման գծում իրավիճակի գնահատականը։ Ես իմ փորձից կարող եմ խոսել։ Մի քանի տարի ապրել եմ Իջեւանում այն տարիներին, երբ քաղաքը պարբերաբար գնդակոծվում էր։ Բացի դա՝ արմատներով Նոյեմբերյանի շրջանից լինելով՝ մենք պարբերաբար ընտանիքով այցելում էինք գյուղ ու հաճախ՝ թշնամու՝ մեր մեքենային ուղեկցող կրակոցների տակ։ Ինձ համար ու, թերեւս, մեր սերնդից շատերի համար, սովորական են սահմանային կրակոցների ու գնդակոծությունների մասին լուրերը։ Սահմանամերձ գյուղերում էլ գիտեն դրանց վտանգների իրական չափը։ Երեւի նկատել եք, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում նրանք ծայրահեղ հանգստություն են դրսեւորում։ Իսկ հուզումներ են առաջացնում եւ խուճապի տպավորություն ստեղծում նրանք, որոնք դրա մասին միայն ապոկալիպտիկ ֆիլմեր են դիտել, իսկ իրականում նման դեպքերից միշտ հեռու են գտնվել։ Այս մարդկանց մոտ չափազանցված են սահմանային կրակոցների եւ գնդակոծությունների վերաբերյալ պատկերացումները։ Այդպիսի խեղաթյուրված պատկերացումների հիմքով էլ սկսում են «ազգի դավաճանների» հավատաքննական պրոցեսները՝ պատրաստ են խաչել բոլորին, որոնք մշտապես չեն աղոթում, համարձակվում են բացի սահմանային իրավիճակից այլ բանի մասին խոսել՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնելով» եւ այլ նման երեւույթներ։ Իհարկե, չեմ պնդում, որ նորմալ է, երբ պատերազմը մեզ համար սովորական երեւույթ է եւ պետք է մնա այդպիսին։ Սակայն մյուս կողմից էլ, եթե մարդ ուզում է հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնել, գուցե կարիք կա ավելի լավ ծանոթանալ խնդրո առարկայի հետ։

Հաջորդ իռացիոնալ արձագանքը, որի մասին արժե խոսել, մեր հանրության հրճվանքն է հակառակորդի զինվորների մահով։ Որքան բարձր լինի հակառակորդի զոհված զինվորի կոչումը, այդքան հրճվանքը մեծ է լինում։ Այս դեպքում պետք է հաշվի առնել, որ ժամանակակից զինատեսակների համար անխոցելի թիրախ գրեթե չկա։ Ոչ մի խնդիր չկա ժամանակի շատ փոքր կտրվածքում հակառակորդի մեծաքանակ մարդուժ ոչնչացնել, մանավանդ մեր ու հակառակորդի առաջնագծի պայմաններում։ Միաժամանակ պետք է գիտակցել, որ նույն հնարավորություններն ունի նաեւ հակառակորդը։ Ես դժվարանում եմ հավատալ, որ մարդիկ գիտակցում են, որ թշնամու զոհերի մասին լուրերին հաջորդելու են մեր անդառնալի կորուստների մասին լուրերը եւ, այնուամենայնիվ, ուրախանում են այդ փաստով։ Պատերազմում «մեղր չեն բաժանում», եւ զոհերը միշտ երկկողանի են լինում։ Դժվար թե միջին վիճակագրական մարդն ուրախանա միայն այն փաստով, որ մեր կուրուստներն ավելի քիչ են, քան հակառակորդինը։ Ըստ իս՝ մեր ամեն զինվորի կյանքն անգին է եւ դա վիճակագրության հարց դարձնելը հակամարդկային է եւ բարոյականության հետ խնդիրներ է հարուցում։

Վերջում, պետք է հասկանալ, որ մենք դեռ միմյանց չենք ոչնչացրել միայն մի պատճառով՝ դրա հնարավորությունը ոչ մի կողմը չունի։ Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում դժվար է ոչնչացման այդպիսի պրոցես պատկերացնել։ Եւ հենց դա է պատճառը, որ թե՛ հակամարտող, թե՛ միջնորդ բոլոր կողմերը շեշտում են, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Միաժամանակ, մեզ մոտ կան Բաքվում թեյելու, նրանց մոտ՝ ոտքերը Սեւանում թրջելու բավականին ամբիցիոզ պլաններ։ Մենք որպես ոչնչացնելու սցենար ենք նշում Մինգեչաուրի ջրամբարին հարվածելը, նրանք՝ Մեծամորի ատոմակայանին։ Երկու դեպքում էլ՝ քաղաքացիական զոհերի առումով, նման միջոցառումները կարող են մարդկության դեմ գործած հանցագործություններ դիտվել։ Դեռ մի կողմ, որ այդպիսի օբյեկտները հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանված են, խնդիրն այն է, որ այս խոսակցությունները պատասխանատվության զգացման իսպառ բացակայության մասին են խոսում թե՛ մեր, թե՛ նրանց պարագայում։ Թերեւս այստեղ էլ արժե խնդրի մեջ բավական խորամուխ լինել՝ մինչեւ հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնելը։

Այս բացասական արձանագրումներն անելուն զուգընթաց՝ արժե նշել, որ մեր հայրենիքը պաշտպանված է գոնե այնքանով, որ երկրում ապրող համարյա բոլորը ժամերի ու օրերի ընթացքում պատրաստ են զինվորագրվել ու սեփական կյանքով պաշտպանել հայրենիքը, ինչը հարատեւության համոզմունք է տալիս․ ոչ մի թշնամի չի կարող այդպիսի դիմադրությունը կոտրել, որքան էլ որ նա մեծ, զինված ու հարուստ լինի։

 

Ադրբեջանի արձագանքի մասին

Ադրբեջանը պատերազմի 2016-ի ապրիլյան սրացմամբ բավականին բարդ վիճակի մեջ դրեց ինքն իրեն։ Նախ, դա Հայաստանում կառավարիչներին դրդեց մշտադիտարկման ժամանակակից մեթոդներ ներդնել շփման գծի ողջ երկայնքով, ինչն ի դերեւ հանեց Ադրբեջանի կողմից տարիներով հաջողությամբ իրականացվող «ռազմական դիվանագիտության» շարունակական կիրառումը․ դիվերսիաների հարցն այլեւս կարելի է լուծված համարել։ Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը գրավելու անիմաստ խոստումներով է կերակրել հանրությանը՝ երկրորդ, երրորդ պլան մղելով երկրի թալանը, հետխորհրդային ու, մասնավորապես, դրա մուսուլմանական երկրներին բնորոշ ավտորիտար կառավարումը, անարդարությունը, ժողովրդավարության բացակայությունը։ Այդ խոստումները զուգակցվել են ամեն հայկականի նկատմամբ ատելություն սերմանելով։ Բնական է, որ ծնված օրվանից այդ խոստումներով մեծացած սերունդը այսօր համապատասխան պահանջներ է դնում կառավարիչների առաջ։ Այս խոստումները սնում են ռազմահայրենասիրական խեղաթյուրած ոգով դաստիարակված հանրությունը, որի պահանջների բարձրացմանը զուգընթաց՝ խոստումներն է՛լ ավելի մասշտաբային են դառնում։ Իրականության հետ բախման արդյունքում, ինչ-որ պահի խզում է տեղի ունենալու կառավարություն-հանրություն այսպիսի անառողջ հարաբերություններում։ Եվ այդպիսի խզման դետոնատոր հանդիսացան վերջին օրերի սրացումները։ Ոչ միայն մի գյուղ, քաղաք, ամբողջ Արցախն ու Հայաստանը գրավել չստացվեց, այլ նույնիսկ մի դիրք գրավելու համար զոհվեցին գեներալ, գնդապետ եւ բարձրաստիճան այլ սպաներ, մինչդեռ դիրքը մնաց հայերի տիրապետության տակ։ Մարդկանց համար ակնհայտ դարձավ, որ այդ խոստումների իրականացման համար նվազագույնը իրենց կյանքը բավարար չէ, եւ դուրս եկան փողոց։ Պատերազմի կոչերը վերածվեցին կառավարության դեմ բողոքի եւ ոստիկանության հետ ընդհարումների։ Հայաստանի դեպքում այդ մասշտաբի բողոքի ալիքը գուցե սրբեր, տաներ կառավարիչներին, բայց պետք է հաշվի առնել մուսուլմանական երկրներում իշխանության նկատմամբ վերաբերմունքը։ Այստեղ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ մինչեւ ժողովրդավարական հանրություն ձեւավորելու անհրաժեշտ գիտակցություն ձեռք բերելը։

Հատկանշական է, որ ցուցարարները ոստիկաններին փորձում էին վիրավորել՝ նրանց «հայեր» կոչելով։ Ասում էին՝ «հատուկ նշանակության ջոկատները հայերի դեմ կիրառեք»։ Այստեղ բախվում ենք երեւույթի, երբ Ադրբեջանի կառավարության սրած բիզը շրջվում եւ հենց իրեն է ծակում։ Տարիներ շարունակ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ այնտեղ, ռազմական հակամարտությունը կիրառվել է՝ լռեցնելու ընդդիմադիր ցանկացած դրսեւորում։ Այժմ նույն թեզերը շրջվում են՝ հարվածելու կառավարիչներին, որոնցից պատերազմ ու խոստումների իրականացում են պահանջում։ Ադրբեջանի կառավարությունը, թերեւս, ինքն իրեն գերազանցել է՝ հանրային հարաբերությունները խեղաթյուրելու հարցում։ Այժմ, կառավարման լծակները դեռեւս պահպանելու համար նրան մնում է պակասեցնել հանրության պատերազմի տենչը, բավականին մեղմացնել ռազմատենչ հռետորաբանությունը, որպեսզի այդ նույն հռետորաբանությունը իր ոչնչացման առիթ չդառնա։

Որպես ամփոփում՝ կարելի է նշել, որ մեզ պատուհասած այսօրվա պրոբլեմները հեշտ լուծելի են, եթե մենք ունենանք ընդհանուր որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված պետություն, բարձր գիտակցմամբ դրանց (պայմանավորվածությունների) շուրջ համերաշխ հանրություն։ Այս դեպքում պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը եւս մեզ զերծ կպահի բոլոր հարցերին միջամտելու՝ այսօրվա մեր անհագուրդ ցանկությունից։ Ինքնորոշման ակտը, որ կարծես պետք է տեղի ունենար հեղափոխական գործընթացներից հետո, կարող է ինքնին լուծել այս կամ այն վերպետական կառույցների վրա հույս դնելու պրակտիկայի հարցը։ Այս դեպքում տարբեր պետություններ կուզենան ինքնորոշված սուբյեկտի հետ նոր որակի հարաբերություններ ստեղծել՝ փոխօգնությամբ միմյանց շահերը սպասարկելու անկեղծ մղմամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ստեղծվել է իրավիճակ, երբ այդ պետության վաղվա օրը, նրա ճակատագիրն այսօր մեր ձեռքերում է։ Կարելի է մի փոքր էլ ճնշել ու ստանալ նոր Ադրբեջան։ Պետք է ուղղակի հասկանալ՝ ինչպիսի հարեւան է մեզ պետք։ Եթե շեշտը դնենք համամարդկային արժեքների վրա, ապա բռնապետական Ադրբեջանն անընդունելի է։ Միաժամանակ, ժողովրդավար Ադրբեջանը նշանակում է ուժեղ Ադրբեջան։ Մինչդեռ, այսօրվա ռազմական հռետորաբանությամբ կերակրված ժողովուրդը ավելի անվտանգ է, երբ թույլ է։ Ադրբեջանում հաստատված քաղաքական համակարգը նրան թույլ չի տա ավելի զարգանալ, քան այժմ է։ Հետեւաբար, գուցե Հայաստանին այս պահին ձեռնտո՞ւ է հենց այդպիսի հակառակորդ։ Այս հարցերի շուրջ է, որ արժե խորհել։

Սուրեն Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել