Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան
21:53 - 16 հուլիսի, 2020

Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան

Կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, որին հետո օգնության են հասել ԱԻՆ ախատակիցները, մյուս հարվածը հասցվել է ԱԻՆ մեքենային: Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան: Այս մասին հրավիրված ճեպազրույցում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-երը թույլ են տվել Ադրբեջանի ԶՈւ-երի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից։ «Այս մասին ՊՆ-ն հայտարարեց, հստակ նշումներով ցուցադրվեցին նկարները։ Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացել է զավեշտալի հակասություն՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչու՞ էին մնացել այդքան ժամանակ և ինչու՞ էին մեր վերահսկողության տիրույթում։ Հետևությունները թողնում եմ բոլորին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրս հանման ապացույց։ Հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չեն, որ մնացել են դաշտում․ բնականաբար, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները։ Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում»,- մանրամասնեց Հովհաննիսյանն ու նշեց, որ չի ցանկանա՝ տպավորություն ստեղծվի, թե այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտավորապես 100 հոգանոց խումբը։ Ըստ նրա՝ դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40%։ 

Հարցին ի պատասխան, թե արդյոք այդ 100 հոգին Ադրբեջանի հատուկ նշանակության ուժե՞րն են եղել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես առավոտյան էլ նշեցի, իրենց լրատվամիջոցները ևս հաստատել էին, որ կիրառվում է պայմանական աված  Յաշմա բրիգադը, դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են ընդհանրապես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը։ Սա էլիտար ստորաբաժանում է։ Եվ շատ տրամաբանական է, որ նախորդ օրերին ադրբեջանական 3-րդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերի կողմից, իրենց մարտական խնդիրը լուծել չկարողանալու պատճառով, պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում»

Նա նաև տեղեկացրեց, որ մեր վիրավորների թիվն ու վիճակը մնում է նույնը, ինչ արդեն հայտնել է առավոտյան․ «Մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը կայուն է, զոհերի և զենքերի տրամաչափերի մասով փոփոխություն ևս չկա։ Ամսի 12-ից սկսած հրետանային և ցամաքային զորքերի այն զինատեսակները, որոնք կիրառվել են, շարունակում են մնալ նույն աստիճանի վրա, ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ չեն կիրառվել»։

Հարությունյանի խոսքերով՝ Արցախի Հանրապետության և ՀՀ այլ սահմանագոտիների ուղղությամբ, ըստ էության, իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Դինամիկայի որևէ շեշտակի փոփոխություն չկա։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել